Վերադառնալ
15.06.2022

Կայացավ Թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային գիտագործնական համաժողովը

Կայացավ Թրաֆիքինգի դեմ պայքարի  վերաբերյալ միջազգային գիտագործնական համաժողովը

 

       Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ «Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեադատավարական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը:  Առցանց համաժողովին մասնակցում էր ՀՀ, ՌԴ, Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ուսումնական և գիտահետազոտական 12 հաստատության 17 ներկայացուցիչ:

   Բացման խոսքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց  համաժողովի մասնակիցներին,  ընդգծեց համաժողովի թեմայի կարևորությունն ու արդիականությունը ոչ միայն մասնակից երկրների, այլև ամբողջ աշխարհի համար. «Թրաֆիքինգը (մարդկանց առևտուրը) համաշխարհային խնդիր է, որը պահանջում է պետությունների ու միջազգային կառույցների միացյալ և համընդգրկուն պայքար՝ ընդդեմ անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի դեմ՝ հաշվի առնելով տվյալ հանցագործության զարգացման բազմաշերտ փուլերը: Այս խնդիրը գնալով աճում է՝ տնտեսական գլոբալիզացիայի, աշխարհաքաղաքական, մշակութային, սոցիալական փոփոխություններին զուգընթաց»: Կրթահամալիրի պետը հաջողություն մաղթեց մասնակիցներին՝ նշելով, որ տվյալ հանդիպումը հնարավորություն է ընձեռում  ծանոթանալու խնդրի վերաբերյալ մասնագետների վերլուծություններին, գիտահետազոտական արդյունքներին,  թրաֆիքինգը կանխարգելելուն ուղղված հետագա ջանքերին:

   ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Նիկոլայ Ցուկանովն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և նշեց, որ այս համաժողովը լավ առիթ է այսուհետ հաճախ համագործակցելու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետ: Նա նաև վստահեցրեց, որ տեսաբանները լիարժեք կկարողանան բացահայտել լուրջ մարտահրավերներ ներկայացնող հանցագործության դեմ պայքարի հիմնախնդիրները:

   Երախտիքի խոսք հայտնեց նաև ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալեքսեյ Ալեքսեևը՝ մաղթելով արդյունավետ քննարկումներ:

   Համաժողովի ընթացքում մասնակիցները զեկույցներով անդրադարձան խնդրի քրեաիրավական, քրեաբանական, քրեադատավարական ոլորտների ուսումնասիրմանը ԱՊՀ երկրներում: Ներկայացվեցին արարքը կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, գործի քննության, ապացուցման գործընթացի, հանցագործության համակցման, ներպետական ու միջազգային օրենսդրական կարգավորումները,  դատահոգեբանական մոտեցումները: Առանձնակի մանրամասնությամբ բանախոսները վերլուծեցին թրաֆիքինգի տեսակները, ներկայացրին դրա վերաբերյալ իրականացրած վիճակագրական աշխատանքները՝ բացահայտելով տվյալ հանցագործության լատենտայնության բարձր աստիճանը, տուժած անձանց թիրախային խմբերը և քրեածին տարրերը: Բանախոսներից յուրաքանչյուրը նոր լուծումներ առաջարկեց թրաֆիքինգի կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

   Ակտիվ քննարկում ծավալվեց թրաֆիքինգի մասին ՀՀ և ՌԴ քրեաիրավական նորմերի տարբերությունների վերաբերյալ:

   Միջոցառումը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, որը, ամփոփելով համաժողովի արդյունքները, հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ և հաջորդ անգամ կիրականացվեն առկա հանդիպման ձևաչափով: