Մեր մասին
1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում կնքված համաձայնագրով Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Նույն օրը Հայհեղկոմի հրամանագրով Ներքին գործերի ժողովրդական կոմիսար (ՆԳԺԿ) է նշանակվում Իսահակ Դովլաթյանը: Նոր իշխանություններն առաջնահերթ քայլեր են ձեռնարկում միլիցիան կադրերով ապահովելու համար: Կազմակերպվում են իրավապահ համակարգի աշխատակիցների նախապատրաստման դասընթացներ: Դասընթացները կամ միլիցիայի դպրոցները գործել են տարբեր ժամանակահատվածներում, սակայն դրանք չեն ունեցել համակարգված, տևական բնույթ և հանդես չեն եկել որպես երկարաժամկետ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:
Հայկական միլիցիան չուներ կադրեր պատրաստող ուսումնական հաստատություն: Իրավական համակարգի աշխատակիցները գործուղվում էին ԽՍՀՄ տարբեր ուսումնական հաստատություններում սովորելու, ինչը հանգեցնում էր լրացուցիչ ֆինանսական ծախսերի: 1966 թ. հունիսի 16-ի ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության, ապա կառավարության հրամանագրով հիմնվում է Երևանի միլիցիայի միջին մասնագիտական դպրոցը, որտեղ ուսումնառությունը երկու տարի էր, և հաստատությունն ավարտածներին շնորհվում էր կրտսեր լեյտենանտի կոչում:
Մինչև 1990-1991 թթ. Երևանի միլիցիայի միջին մասնագիտական դպրոցը գործել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն կուրսերի, իսկ 1991-1995 թթ.՝ որպես ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցի կարգավիճակով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի մասին» N 197 որոշմամբ ստեղծվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը: Այնուհետև՝ երկու տարի անց, ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի` «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը: Նշված որոշմամբ սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը պետական բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն է: Դպրոցի հիմնական խնդիրներն էին՝
1) իրավաբանական և ճարտարագիտական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը,
2) ներքին գործերի համակարգի միջին և ավագ հրամանատարական կազմի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը,
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը,
4) ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:
ՀՀ կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 14-ի` «ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի թիվ 311 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 566 որոշմամբ դպրոցը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոց: Պետք է նշել, որ այս պարագայում գրեթե ամբողջովին պահպանվեց նախորդ կանոնադրությունը, և դպրոցի խնդիրներն ու գործառույթները մնացին անփոփոխ: Հաջորդ փոփոխությունը կատարվեց ՀՀ կառավարության 2000 թվականի օգոստոսի 16-ի թիվ 485-Ն որոշմամբ, որով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիա: Կարևորագույն ձեռքբերում էր ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 1184-Ն որոշման ընդունումը:
ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի՝ թիվ 615-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվեց «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Ոստիկանության կրթահամալիրն իրականացրել է նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր:
ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման ամսաթիվն ու համարը՝ 15.09.2009 թ., N 290.210.03884) և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման ամսաթիվն ու համարը՝ 14.07.2003 թ., N 286.210.05045) միաձուլման ձևով վերակազմակերպվել են, և ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 29)։ Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն և 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշումները:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի (Կրթահամալիր) գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:
Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր:

Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`
1) հանրային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ոստիկանական և փրկարարական կրթությամբ մասնագետների պատրաստումը.
2) ոստիկանության և փրկարար ծառայության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը, նախարարության քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը, ինչպես նաև նախարարության կարիքների համար համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց վերապատրաստումը.
3) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում մասնագետների պատրաստումը.
4) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավար անձնակազմի, մասնագետների, Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում այդ ոլորտները դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումը.
5) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.
6) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.
7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներին դիմակայելու վերաբերյալ, քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության ուսուցման կազմակերպումն ու իրականացումը, բնակչության կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
8) նախարարության կառավարման, այդ թվում՝ ոստիկանության գործունեության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, միգրացիայի ոլորտներում իրավակիրառ պրակտիկայի և վարչարարության վերլուծությունը, հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը.
9) ուսումնական, ուսումնամեթոդական գրականության ստեղծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը.
10) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը, իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության և հանրային կապերի զարգացումը.
11) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
12) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը, սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

Կրթահամալիրի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներին, այլ օրենքներին և իրավական ակտերին ու կանոնադրությանը համապատասխան:
Կրթահամալիրի կառուցվածքում գործում են Ոստիկանական, Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումները (վարչության կարգավիճակ)՝ իրենց դեպարտամենտներով, վերապատրաստման կենտրոններով և ամբիոններով, Ուսումնական գործընթացի կազմակերպման, վերահսկման և շարունակական կրթության ապահովման, Կրթության որակի ապահովման, Գիտական հետազոտությունների, նորարարությունների և կրթության զարգացման, Միջազգային համագործակցության և հանրային կապերի, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Մարդկային ռեսուրսերի կառավարման և այլ բաժիններ։
Բուհում գործում են մարտական և լազերային հրաձգարաններ, դեպքի վայրի զննության լաբորատորիա, հատուկ և ընդհանուր գրադարաններ, կահավորված մարզադահլիճներ և այլն: Բուհն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ և ռեսուրսներ, ապահովում է համապատասխան կրթական միջավայր:


