Վերադառնալ
12.10.2023

«Հասարակության խոցելի խմբերի հետ ճիշտ ու նրբանկատ օգնության կարևորությունը»․ հատուկ դասընթաց` պարեկային ոստիկանների համար

«Հասարակության խոցելի խմբերի հետ ճիշտ ու նրբանկատ օգնության կարևորությունը»․ հատուկ դասընթաց` պարեկային  ոստիկանների համար

   «Հասարակության խոցելի խմբերի հետ շփումը պահանջում է հսկայածավալ հոգեբանական, իրավական պատրաստվածություն։ Թիրախային խմբերում են նաև անչափահասները, ում հետ զրուցելիս պետք է առաջնորդվել «հավասար-հավասար» շփման սկզբունքով՝ հաշվի առնելով նաև տարիքային առանձնահատկությունները, վարքային դրսևորման մոդելները»։ Սա երեխաների և ընտանիքների հետ աշխատելու համար պարեկային ծառայողների կարողությունների ընդլայնմանն ուղղված դասընթացից մի հատված էր, որը վարում էր Մանկական զարգացման հիմնադրամի հատուկ հոգեբան Հասմիկ Մնացականյանը։

   Դասընթացը կազմակերպվել է ՄԱԿ Փախստականների հարցերով զբաղվող (ՄԱԿ ՓԳՀ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակների, Մանկական զարգացման հիմնադրամի (CFD) նախաձեռնությամբ՝ համագործակցելով ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի հետ։

   Դասընթացը մեկնարկեց հոկտեմբերի 11-ին։ Առաջին խմբի ունկնդիրները Սյունիքի մարզում ծառայություն իրականացնող պարեկներն են։

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով դասընթացի կազմակերպիչներին անհրաժեշտ նախաձեռնություն իրականացնելու համար, ընդգծեց, որ առավել խոցելի անձանց հետ հաղորդակցվելիս կարևոր է ցուցաբերել ոչ միայն իրավական, այլև հոգեբանական աջակցություն։ Նա նաև իր երախտիքը հայտնեց պարեկային ծառայողներին՝ այս բարդ ժամանակներում իրենց կատարած աշխատանքի համար։

   ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի պատասխանատու Վիկտորյա Օհանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ կարևորելով նմանատիպ նախաձեռնության անհրաժեշտությունը։

  ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտպան Նաիրա Մարությանն էլ իր խոսքում ընդգծեց արցախահայ ընտանիքների հետ ճիշտ և նրբանկատորեն հաղորդակցվելու կարևորությունը, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողի համար։

  Դասընթացի ժամանակ քննարկվեց ոստիկանների և արցախահայության հաղորդակցման առանձնահատկությունները, կարեկցանք ցուցաբերելու գրագետ ու նուրբ մոտեցումները՝ հիմնված տարիքային, վարքային դրսևորումների առանձնահատկությունների վրա։

  Դասընթացավարներից հատուկ հոգեբան Հասմիկ Մնացականյանն անչափահասների դեպքում կարևորեց նաև աշխատանքը ծնողների հետ։ Նա նաև նշեց, որ իրավական ու հոգեբանական օժանդակության տրամադրումը պետք է իրականացնել առանց խախտելու անձնային սահմանները և  կարողանալ կառավարել հուզական աշխարհը։

  Հարցին, թե ինչպես կարելի է հաղթահարել անզորության զգացումը, հոգեբանը պատասխանեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է սկսի ինքնաճանաչողությունից։ Հոգեբանը նաև պրակտիկ խորհուրդ տվեց օրվա  ընթացքում գրի առնել վերապրած բոլոր հույզերը՝ դրանց մեջ չթաթախվելու ու բացասական զգացողությունները թիրախային խմբերին չփոխանցելու համար։

  Դասընթացը շարունակական է։