Վերադառնալ
18.01.2023

Դեպքի վայրի զննության ուսումնական վարժանքները վիրտուալ իրականության տիրույթում

Դեպքի վայրի զննության  ուսումնական վարժանքները  վիրտուալ իրականության տիրույթում

   Վիրտուալ իրականությունն արդեն իսկ ներթափանցել է 21-րդ դարի մարդու կյանք, և Կրթահամալիրի ղեկավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ սովորողներին ժամանակակից վիրտուալ ուսումնական մեթոդներից անմասն չմնալու հնարավորություն տալու քայլեր է ձեռնարկում։ Վիրտուալ իրականության ծրագրերից մեկը կարող է նպաստել ոստիկանական ուսումնական գործընթացի զարգացմանն ու նոր թվային տեխնոլոգիաների ներդրմանը։

Հունվարի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրի համակարգող Դավիթ Հարությունյանը և Իսպանիայի Թագավորության «Սիբերի» ընկերության ներկայացուցիչներ Մարտա Տորոնյո Լինյդրեսը և Բազիլիո Գուիլերմո Գարսիան։ Այցի նպատակն էր Կրթահամալիրի անձնակազմին ներկայացնել ընկերության ստեղծած՝ «Դեպքի վայրի զննություն» թեմայով վիրտուալ իրականության ծրագիրը։

Կրթահամալիրի պետի գլխավորությամբ՝ ներկայացմանը մասնակցեցին Կրթահամալիրի ակադեմիայի, ուսումնական կենտրոնի և ՈւՄՎ միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի աշխատակիցները։

Ներկաները ծանոթացան վիրտուալ իրականության միջոցով «Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթացի առանձնահատկություններին, ուսումնական գործընթացում դրական ազդեցությանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ փորձարկելու սարքավորումը և պատկերացում կազմելու օգտագործման եղանակների և հնարավորությունների վերաբերյալ։ Կրթահամալիրի ծառայողները բազմաթիվ հարցեր հղեցին այցելուներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

Այցը շարունակվեց Կրթահամալիրի պետի աշխատասենյակում, որտեղ կողմերը կարծիքներ փոխանակեցին ներկայացված ծրագրի վերաբերյալ, մասնավորապես, Կրթահամալիրի պետը շեշտեց ուսումնական գործընթացը նման հնարավորությամբ համալրելու անհրաժեշտությունը, որը թույլ կտա լավագույնս կազմակերպել պրակտիկ աշխատանքը՝ խնայելով ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները։