Մայիսյան հեղեղումների հետևանքների վերլուծություն ՆԳՆ կրթահամալիրի ներգրավվածությամբ

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղների պատճառած վնասների համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանի կառավարությունն աջակցության խնդրանքով դիմել էր Շվեյցարիայի Համադաշնությանը՝ Հայաստան ուղարկելու մարդասիրական օգնության արագ արձագանքման խումբ։ Խմբի կատարած գնահատման արդյունքների հիման վրա՝ Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալությունը (SDC) հանձնառություն է ստանձնել աջակցելու Հայաստանի՝ արագ վերականգնման և վերակառուցման ջանքերին, իրականացվել է համապատասխան վերլուծություն, ինչը նախկինում համակարգել է ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի («Հայհիդրոմետ») հետ համատեղ։
Կատարված վերլուծությունն ամփոփելու նպատակով ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հունիսի 17-ին կայացել է շահագրգիռ կողմերի հանդիպումը՝ ՆԳ նախարարության, պետական այլ շահագրգիռ մարմինների, ոլորտային բուհի և միջազգային կազմակերպությունների ավելի քան 30 ներկայացուցիչների մասնակցությամբ: Ողջույնի խոսքում Կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը, գիտական և այլ օժանդակության համար շնորհակալություն հայտնելով Շվեյցարական կողմին ու միջազգային գործընկերներին, կարևորել է աղետի վերլուծության փաստահավաք աշխատանքները գիտական հետազոտության հենքի վրա տեղափոխելու նախաձեռնող խմբի մտադրությունը և մինչ հրատարակելը վերլուծությունն օրվա քննարկման արդյունքներով համալրելու պատրաստակամությունը։
Ներկաներին ողջունել է նաև Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար և տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լոյբլին։ Նշելով, որ ջրհեղեղից օրեր անց այցելել է ազդակիր մարզեր, անձամբ ականատես եղել աղետի պատճառած վնասներին, նա ընդգծել է ՀՀ պատկան և արձագանքող մարմինների հետ աղետի հետևանքների գնահատման և հաղթահարման աշխատանքներում շվեյցարացի ճարտարագետների ու փորձագետների ներգրավվածությունը, ցուցաբերած տեխնիկական աջակցությունը և անդրադարձել օրվա քննարկմանը՝ կարևորելով քաղված դասերը, աղետների ռիսկի նվազեցմանն (ԱՌՆ) ուղղված գիտելիքի փոխանակումը գետային ճարտարագիտության, ռիսկերի կառավարման, վաղ ազդարարման և այլ ոլորտներում՝ հանուն ավելի ամուր և դիմակայուն ապագայի։
Միջոցառմանը հնչել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ուղերձը, որում շեշտվել է մայիսյան հեղեղումների դեպքի՝ իր տեսակի մեջ համատեղ վերլուծության եզակիությունը։ Ըստ Լ․ Ազիզյանի՝ այսպիսի նախաձեռնությունները հարթակ են փոխադարձ վստահության, մասնագիտական կարողությունների փոխանակման և նորարարական լուծումների ներդրման համար՝ նպատակ ունենալով փաստագրել և ուսումնասիրել իրադարձությունների ընթացքը, հասկանալ պատճառահետևանքային կապերը՝ դասեր քաղելու, վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմները կատարելագործելու համար։
Միջոցառման հետագա ընթացքը վարել, ինչպես նաև հեղեղումների վերլուծության իրականացման փաստահավաք, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիական գործիքներով իրակականացված դաշտային ուսումնասիրությունները, կատարված գիտահեն վերլուծությունները ներկայացրել է Կրթահամալիրի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, հետազոտական խմբի աշխատանքները համակարգող Արմինե Հայրապետյանը։ Շվեյցարական առաքելության, իրենց իրականացրած վերլուծության մասին խոսել է շվեյցարացի հիդրոլոգ-փորձագետ Քրիստոֆ Լեմանը, իսկ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի համապատասխան ծառայությունների պետեր՝ Արթուր Գևորգյանը, Ամալյա Միսակյանը և Սոնա Հայրապետյանը ներկայացրել են Դեբեդ և Աղստև գետերի ավազանում 2024 թվականի մայիսին կլիմայական, հիդրոլոգիական և օդերևութաբանական վերլուծությունը։
Ծավալված քննարկումներին մասնակցել՝ հարցադրումներ և արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, մասնավորապես, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, փրկարար ծառայության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները: Կրթահամալիրի պրոռեկտոր Է․ Մարգարյանի հարցադրումներն առնչվել են իրականացված վերլուծության մեթոդաբանությանը, լուսանկարաչափական տվյալների ստացման համար կիրառված անօդաչու սարքերի, ֆոտոխցիկների տեխնիկական բնութագրերին և լուծաչափերին։ Միջոցառման ավարտին խումբը ներկայացրել է քաղված դասերը, այդ թվում՝ եզրակացությունները, և ներկաները հույս են հայտնել, որ հրատարակվելուց հետո աշխատանքը հասանելի կլինի նաև ազդակիր համայնքներին։
Օրվա թեմային համահունչ՝ ՄԱԶԾ ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը նվիրել է Կրթահամալիրի պրոռեկտոր Ա.Հայրապետյանի համահեղինակությամբ ՄԱԶԾ և Ասիական Զարգացման Բանկի կողմից հրատարակված «Հետաղետային կարիքների գնահատում» ուսումնական ձեռնարկի և «Ջրհեղեղ Հայաստանում, մայիս 2024․ հետաղետային կարիքների գնահատում» զեկույցի օրինակներ, որոնք կհամալրեն ՆԳՆ կրթահամալիրի գրադարանը։