ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սույն թվականի ապրիլի 18-ին ընդունող հանձնաժողովի նիստում ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները։
Իգական սեռի դիմորդների համար նախապես հայտարարվել էր 146 տեղ, սակայն ընդունելության ստուգումներից դրական միավորներ և հարցազրույցի փուլում դրական եզրակացություն են ստացել իգական սեռի 17 դիմորդներ, որից Արարատի մարզի հայտով՝ 3 դիմորդ, Արմավիրի մարզի հայտով՝ 13 դիմորդ, Վայոց ձորի մարզի հայտով՝ 0 դիմորդ, Սյունիքի մարզի հայտով՝ 1 դիմորդ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, և հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարին 17.04.2023թ. ուղղված զեկուցագրի հիման վրա տրված թույլտվությունը, ընդունող հանձնաժողովի որոշմամբ իգական սեռի դիմորդների համար հայտարարված և թափուր մնացած 129 տեղերից 103 տեղերը հատկացվել են համապատասխան մարզերի հայտով դիմած արական սեռի դիմորդների համար, հետևյալ համամասնությամբ՝
1) 19 տեղը Արարատի մարզի համար,
2) 23 տեղը Արմավիրի մարզի համար,
3) 23 տեղը Վայոց ձորի մարզի,
4) 38 տեղը Սյունիքի մարզի համար:
Տեղերի վերաբաշխման արդյունքում տեղերի ընդհանուր թիվը կազմել է 462, որի բացվածքն ըստ մարզերի և դիմորդների սեռի ունի հետևյալ տեսքը՝
1) 112 տեղը Արարատի մարզի համար (109 տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
2) 143 տեղը Արմավիրի մարզի համար (130 տեղը արական սեռի, իսկ 13 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
3) 77 տեղը Վայոց ձորի մարզի համար (77 տեղը արական սեռի, իսկ 0 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
4) 130 տեղը Սյունիքի մարզի համար (129 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար):
Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ ընդունելության ստուգումներից դրական միավորներ և հարցազրույցից դրական եզրակացություն է ստացել 588 դիմորդ, որոնցից 112-ը, ըստ նշված հայտերի, անցել են Արարատի մարզի մրցույթով, 143-ը՝ Արմավիրի մարզի մրցույթով, 75 դիմորդ համալրել է Վայոց ձորի մարզի համար սահմանված տեղեր, իսկ 59 դիմորդ համալրել է Սյունիքի մարզի համար սահմանված տեղեր:
Արդյունքում, հարցազրույցի փուլում դրական եզրակացություն ստացած 199 դիմորդներ չեն անցել իրենց նշած մարզերի (Արարատ, Արմավիր) մրցույթով, Վայոց ձորի մարզի համար սահմանված 2 տեղեր մնացել են թափուր, Սյունիքի մարզի համար սահմանված 71 տեղեր մնացել են թափուր:
Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է ապրիլի 19-ին, ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ պայմանագիր կնքելու համար։
Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում:
Ըստ սահմանված կարգի՝ Արարատի և Արմավիրի մարզերի հայտով դիմած, հարցազրույցից դրական եզրակացություն ստացած, բայց իրենց նշած մարզի մրցույթով չանցած դիմորդները, ցանկության դեպքում, կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:
Լրացուցիչ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող դիմորդները (ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող, այնպես էլ՝ ոստիկանության ծառայող հանդիսացող) պետք է ապրիլի 19-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ, ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ դիմումը տեղում գրելու համար։
Լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումների հիման վրա ընդունող հանձնաժողովը կամփոփի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթի արդյունքները, և թափուր տեղերը կհամալրեն ընդհանուր մրցույթով չանցած այն դիմորդները, ովքեր ունեն առավել բարձր միավորներ: Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պաշտոնական կայքում: