Վերադառնալ
07.07.2021

Առցանց համաժողով Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու թեմայով

Առցանց համաժողով Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու թեմայով

   2021 թվականի հուլիսի 6-ին ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի հովանու ներքո ՀՀ ոստիկանության կրթահամալիրը անցկացրեց միջազգային  գիտագործնական առցանց համաժողով «Տեղեկատվական տիրույթի գլոբալիզացիայի պայմաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելը. հիմնախնդիրները և հեռանկարները» խորագրով:

Բացման խոսքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կարևորագույն խնդիրներից է ԱՊՀ անդամ երկրների իրավապահ համակարգերի համար: Նմանատիպ հանդիպումների և ձեր շնորհիվ է՛լ ավելի կբարձրանա հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը»:

 ԱՊՀ գործադիր կոմիտեի՝ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու և անվտանգության ոլորտում համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Բուրովը և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պետի տեղակալ  Էդուարդ Դերեվյանկոն ևս ողջույնի խոսքով հանդես եկան՝ շնորհակալություն հայտնելով Կրթահամալիրին հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև կարևորեցին ԱՊՀ երկրների ՆԳՆ (ոստիկանության) համագործակցության դերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Համաժողովը վարում էր Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը:

 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանը «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ (ոստիկանության) համագործակցության իրավական և կազմակերպչական խնդիրները արդի փուլում» զեկույցով:

Համաժողովին ելույթով հանդես եկավ 16 մասնակից: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցեց ԱՊՀ անդամ 8 պետության 20 կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ: