Բարի գալուստ

Ողջունում ենք Ձեզ խիզախների կրթօջախում:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գործունեությունն սկիզբ է առել դեռևս 1966 թվականից, երբ ստեղծվեց ՀԽՍՀ Միլիցիայի բարձրագույն դպրոցը: ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքում 2011 թվականին կազմավորվեց «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը, որի կառուցվածքային ստորաբաժանումներն են ակադեմիան, քոլեջը և ուսումնական կենտրոնը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում գործում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ և մագիստրատուրա (առկա և հեռակա), իրականացվում է հեռակա ուսուցմամբ հետբուհական կրթություն ասպիրանտուրայում, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցում:

Կրթահամալիրում անվճար հիմունքով սովորողներն ստանում են վարձատրություն ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ակադեմիայի առկա անվճար սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ: Վերջիններս ուսումն ավարտելուն պես ստանում են «Ոստիկանության լեյտենանտ» կոչում և նշանակվում ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:

Կրթահամալիրն ունի նաև վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետ, որտեղ իրականացվում է ոստիկանության, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների և հատուկ քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների վերապատրաստման գործընթացը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան իրականացնում է նաև վճարովի հիմունքներով     բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ առկա ուսուցում:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է գիտության տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներով, գիտնականներով, ինչպես նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ծառայության բազմամյա պրակտիկ փորձ ունեցող մասնագետներով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը սերտ համագործակցում է ԱՊՀ,  Եվրոպայի, Չինաստանի մի շարք երկրների ոստիկանական ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև հանդիսանում է Միջազգային ոստիկանական չորս կազմակերպությունների անդամ: Համագործակցության շրջանակներում տարեցտարի ընդլայնվում են կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական, ադմինիստրատիվ կազմի և սովորողների փոխանակման ծրագրերը, որոնց շրջանակներում վերոնշյալ անձնակազմը մասնակցում է ինչպես գիտագործնական համաժողովների, այնպես էլ վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հրատարակում է «Օրենքի պատվար» եռալեզու գիտական ամսագիրը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» պաշտոնաթերթը:

Յուրաքանչյուր տարի կրթահամալիրը տպագրում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի հեղինակած գիտական աշխատությունները: