Վերադառնալ
13.04.2021

ԱՅՍՕՐ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է «ПОЕХАЛИ »

ԱՅՍՕՐ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է «ПОЕХАЛИ »

      60 տարի առաջ՝ 1961թ ապրիլի 12-ին, խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով առաջին անգամ դուրս եկավ Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարեց Երկրագնդի շուրջ՝ դնելով տիեզերական թռիչքների սկիզբը: Երկրագնդի շուրջ մեկ պտույտը մարդկության պատմության մեջ շրջադարձային դարձավ. սկսվեց մեծ բացահայտումների ժամանակաշրջանը։

60-ամյակի առթիվ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներ և ուսանողներ, հավատարիմ մնալով գեղեցիկ ավանդույթին, այցելեցին Երևանի տիեզերքի թանգարան և ջերմ ընդունելության արժանացան տնօրինության՝ դոկտոր պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և Կարեն Բայրամյանի կողմից։ Օրը տոնական էր, ոստիկանության կրթահամալիրի ծառայողները և սովորողները ներկայացվեցին որպես մշտական և սպասված այցելուներ։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի առաջին դասակի ուսանող Գերա Սիրադեղյանը։

    Վ. Գուրզադյանը և Կ. Բայրամյանը ուսանողներին հանգամանորեն ներկայացրին թանգարանի եզակի ու բացառիկ նմուշները և պատմեցին տիեզերագնացության ասպարեզում մարդկության նվաճումների մասին։

Ուսանողները վաղօրոք տեղեկացվել էին տիեզերագնացության լեգենդ Գրիգոր Գուրզադյանի մասին։ Նրանք գիտեն, որ խորհրդային տարիներին ավելի քան քառասուն տիեզերագնաց իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել Գրիգոր Գուրզադյանի մոտ, և առավել հետաքրքրությամբ լսեցին նրա որդու՝ աշխարհահռչակ աստղաֆիզիկ Վահագն Գուրզադյանի տեղեկությունները լեգենդար հոր մասին։

Ուսանողները շատ տպավորված էին և իրենց երախտիքի խոսքը հայտնեցին տիեզերքի գաղտնիքների մեջ խորասուզվելու, այդ ոլորտի հայ գիտնականների մասին տեղեկանալու և բացառիկ նմուշների հետ առնչվելու համար։ Նրանք այսօր վստահաբար կարող են ասել, որ Հայաստանը տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման մեջ մեծ ներդրում ունի։