Վերադառնալ
07.06.2023

«Անվտանգությունը Սևծովյան տարածաշրջանում։ Ընդհանուր մարտահրավերներ, կայուն ապագա» դասընթաց Բուխարեստում

«Անվտանգությունը Սևծովյան տարածաշրջանում։ Ընդհանուր մարտահրավերներ, կայուն ապագա» դասընթաց Բուխարեստում

     Ռումինիայի «Mihai Viteazul ազգային հետախուզական ակադեմիայի» նախաձեռնությամբ, Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջի հովանու ներքո, 2023թ․մայիսի 22-26-ը Բուխարեստում կազմակերպվել էր «Անվտանգությունը Սևծովյան տարածաշրջանում։ Ընդհանուր մարտահրավերներ, կայուն ապագա» դասընթաց։ 

Դասընթացին մասնակցում էին Եվրոպական Միության /այսուհետ՝ ԵՄ/ որոշ երկրների և Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունները։ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում դասընթացին մասնակցում էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Նվարդ Վարյանը։

Որպես բանախոսներ մասնակցում էին Ռումինիայի Հանրապետության պաշտպանության, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, «Mihai Viteazul ազգային հետախուզական ակադեմիայի» դասախոսներ, հեղինակավոր դասախոսներ Բելգիայի «Էգմոն» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտից, Մալթայի համալսարանից, Հարվարդի համալսարանից, Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջից։

Դասընթացի շրջանակներում քննարկվել են ԵՄ ինտեգրացիոն քաղաքականությունը որպես անվտանգության երաշխիք «ստրատեգիական կոնցեպտ», ԵՄ ստրատեգիական միջավայրը, անվտանգության հիմնական գործոնները և դրա հետ կապված փոփոխությունների շարժիչ ուժերը, ինչպես նաև անվտանգության հիբրիդային սպառնալիքների զսպումը Սևծովյան տարածաշրջանում։

Դասընթացի ձևաչափը ներառում էր յուրաքանչյուր օրվա թեմայի առնչությամբ բանախոսների զեկույցների ներկայացում, որին հաջորդում էին մասնակիցների հարցադրումները, այնուհետև տեղի էր ունենում պանելային քննարկում՝ 3-4 զեկուցողների մասնակցությամբ։ Հաջորդիվ դասընթացի մասնակիցները բաժանվում էին խմբերի, և իրականացվում էր «life skills» սեանս, որից հետո կատարում էին վարժություններ՝ նվիրված վերջին տարիներին Սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցած հիմնաքարային ստրատեգիական նշանակության իրադարձությունների, գլխավոր դերակատարների, տարածաշրջանային հնարավոր զարգացումների առանձնացմանը և համակարգմանը։

Վարժությունների արդյունքում ձևավորված եզրահանգումների վերաբերյալ դասընթացի վերջին օրը մասնակիցները կատարել են սահիկների ներկայացում, դասընթացի ամփոփում, սերտիֆիկատների հանձնման արարողություն։