Վերադառնալ
24.05.2022

Կրթահամալիրի պատվիրակությունը մասնակցեց ԱՄՆ-ում Իրավապահ մարմինների ղեկավարների միջազգային ասոցիացիայի համաժողովին

Կրթահամալիրի պատվիրակությունը մասնակցեց ԱՄՆ-ում   Իրավապահ մարմինների ղեկավարների միջազգային ասոցիացիայի համաժողովին

 

     Մայիսի 14-ից 22-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը ՀՀ ոստիկանության պետի հրամանով և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության ծրագրի (ICITAP) օժանդակությամբ գործուղվել էր ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաք՝ Իրավապահ մարմինների ղեկավարների միջազգային ասոցիացիայի (IADLEST) հերթական տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության կազմում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը և Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սուքիասյանը: Համաժողովին մասնակցել են նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության ծրագրի (ICITAP) Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում քննարկվել են իրավապահ մարմիններում առաջնորդության, ոստիկանության աշխատակիցների հոգեկան առողջության և ֆիզիկական պատրաստականության ստանդարտների, մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ գործերով քննության ընթացքում զոհակենտրոն մոտեցման,  սցենարների վրա հիմնված ուսուցման մեթոդաբանության և այլնի վերաբերյալ հարցեր:

Կրթահամալիրի պատվիրակությունն այցելել է նաև ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքի ոստիկանության ակադեմիա, որտեղ հանդիպում է ունեցել Հյուստոնի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև ակադեմիայի անձնակազմի հետ, ծանոթացել ակադեմիայի ենթակառուցվածքներին, տեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ուսումնական ծրագրերին, դասավանդման մեթոդաբանությանը, ներկա են գտնվել մի շարք տեսական և գործնական պարապմունքներին: