Վերադառնալ
24.01.2023

Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

     Հունվարի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ԻՍԻԹԱՓ) ղեկավարի տեղակալ Արթուրո Վենեգասը, ծրագրի գլխավոր գրասենյակի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրենի օգնական Սթիվ Ֆիլդսը, ծրագրի գլխավոր գրասենյակի պատասխանատու Նիք Գարդիները, ԻՍԻԹԱՓ-ի հայաստանյան ներկայացուցիչ Սթիվեն Շնայդերը, ԻՍԻԹԱՓ-ի Հայաստանի ազգային ոստիկանական բարեփոխումների խորհրդական Ամալյա Հովսեփյանը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ ծրագրի պատասխանատու Կարինե Քեշաբյանը։

Հյուրերը հանդիպեցին Կրթահամալիրի ղեկավար կազմի հետ՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի գլխավորությամբ:

Կրթահամալիրի պետը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց համագործակցության  համար․ «Բարձր եմ գնահատում ԻՍԻԹԱՓ-ի օժանդակությունը պարեկային ծառայության ուսումնական ծրագրի կայացման ու բարեխիղճ մասնագետներ պատրաստելու գործում։ Համատեղ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս ունենք պարեկային ծառայության բարելավված ծրագիր․ առաջին և վերջին շրջանավարտներին համեմատելիս  տեսնում եմ էլ ավելի կատարելագործված ծառայողների այնպիսի բարդ խնդիրներում, ինչպիսիք են հանցավորության բացահայտումը, ճանապարհատրանսպորտային երթևեկության ապահովումը։  Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ»։

ԻՍԻԹԱՓ-ի ղեկավարի տեղակալ Արթուրո Վենեգասն էլ իր հերթին երախտագիտություն հայտնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությանն իրենց հյուրընկալելու համար․ «Մեր նպատակներից է օժանդակել ոստիկանական կրթական ծրագրերի բարեփոխմանը և լավագույն փորձի ներդրմանը` հատկապես տեսնելով Ձեր պատրաստակամությունն ու մեծ ցանկությունը»։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Հյուրերը շրջայց կատարեցին Կրթահամալիրի տարածքով, եղան փորձակայանում և մարզադահլիճում։

Հանդիպման ավարտին Արթուրո Վենեգասը հաջողություն մաղթեց Կրթահամալիրի ղեկավարությանը կրթական բարեփոխումների դժվարին առաջադրանքներն արդյունավետ  կատարելու գործում։