ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցել է DCAF-ի վերապատրաստողների վերապատրաստման միջազգային դասընթացին
Հունիսի 8-12-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում անցկացվել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF, Geneva Centre for Security Sector Governance) կողմից կազմակերպված «Ուժային (անվտանգություն) ապահովող կառույցներում գենդերային հարցերով ուսուցում» (Teaching Gender in Security Institutions) թեմայով վերապատրաստողների վերապատրաստման միջազգային դասընթացը (TOT)։
Դասընթացին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Եգիպտոսից, Թունիսից, Լիբիայից, Նիգերիայից, Հարավային Սուդանից, Պաղեստինից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից։
Հայաստանը ներկայացնող երկու մասնակիցներից մեկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ընդհանուր իրավաբանական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Գևորգյանն էր։
Դասընթացի շրջանակում քննարկվել են կանայք-խաղաղություն-անվտանգության օրակարգի նկատմամբ ժամանակակից մոտեցումները, այդ թվում՝ գենդերային կարգավորման հիմնական գաղափարները և տերմինաբանությունը, գենդերային վերլուծությունների էությունը, գենդերային հիմքով բռնության, կոնֆլիկտներին առնչվող սեքսուալ բռնության հաղթահարման մոտեցումները, գենդերային կառուցվածքների քարտեզագրման և դիմադրության հաղթահարման կառուցակարգերը։
Անդրադարձ է կատարվել նաև մեծահասակների ուսուցման և տրանսֆորմացիոն ուսուցման տեխնոլոգիաներին, մեթոդական առանձնահատկություններին, լսարանի հարմարեցումներին (ադապտացիային), այդ թվում՝ տարբեր լսարաններում գենդերային հարցերի քննարկման առանձնահատկություններին։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։
