ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը և «ԶԳՕՆ» ՍՊԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միտված արտակարգ իրավիճակներում անվտանգության մշակույթի զարգացմանը
Մայիսի 14-ին ՆԳՆ կրթահամալիրը և «ԶԳՕՆ» ՍՊԸ-ն ստորագրել են հուշագիր՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա տեղափոխելով շարունակվող համագործակցությունը։
Հուշագրով նախատեսվում է իրականացնել նպատակային համագործակցություն՝ ուղղված արտակարգ իրավիճակներում անվտանգության մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, ինչը ներառելու է կրթական և իրազեկման ծրագրերի համատեղ մշակումը, ուսումնական և մեթոդական նյութերի փորձագիտական գնահատումը, քաղաքացիական պաշտպանության և անվտանգության մշակույթի թեմաներով միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ցուցադրական և ուսուցողական նյութերի մշակումն ու կիրառումը։
Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը ողջունել է Ընկերության նախաձեռնությունը, ընդգծել Հուշագրի շրջանակում նախանշված ուղղություններով երկուստեք ակտիվ կապերի հաստատման ու զարգացման անհրաժեշտությունը։ Առաջնահերթ համարելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը միտված ծրագրերը, այդ թվում՝ Կրթահամալիրում տարբեր մակարդակներում ուսուցման կազմակերպումն ու վերապատրաստումը՝ Մ․Մուրադյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում օժանդակել Ընկերության գործունեությանը՝ անգամ Կրթահամալիրի ներկա ծանրաբեռնվածության պայմաններում, և հույս հայտնել, որ ամրապնդվող համագործակցությունն ու մասնագիտական գիտելիքի փոխանակումն իր հերթին կնպաստի կանոնադրական գործառույթների իրականացման բարելավմանը։
«ԶԳՕՆ» ՍՊԸ-ի տնօրեն Հակոբ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար։ Հուշագրի ստորագրումը դիտարկելով Պետություն-Մասնավոր հատված համագործակցության կայացման տեսանկյունից՝ նա նշել է, որ պետության կողմից արտակարգ իրավիճակներին դիմակայելու, բնակչության պաշտպանության նպատակով ձեռնարկվող համապարփակ քայլերի հետ մեկտեղ կարևոր է նաև յուրաքանչյուր քաղաքացու պատրաստվածությունը, այդ թվում՝ տագնապի պայուսակի առկայությունը, արտակարգ իրավիճակներում գործելու վարքագծի կանոններին տիրապետելը, ինչին էլ միտված է Ընկերության գործունեությունը։
