«Համայնքային ոստիկանության գործունեությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխարգելելիս, դրանց արձագանքելիս և ուղղորդելիս» թեմայով վերապատրաստողների վերապատրաստում
ՀՀ ներքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ և Safe YOU հավելվածի հարթակի գործընկերությամբ սեպտեմբերի 22-25-ը կազմակերպել է «Համայնքային ոստիկանության գործունեությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխարգելելիս, դրանց արձագանքելիս և ուղղորդելիս» թեմայով վերապատրաստողների վերապատրաստում։
Վերապատրաստումն իրականացվում է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Այն նախատեսված է համայնքային ոստիկանության ծառայողների և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մասնագետների համար, ովքեր հետագայում իրականացնելու են համայնքային ոստիկանության ծառայողների պատրաստում և վերապատրաստում։
Վերապատրաստման մեկնարկին՝ սեպտեմբերի 22-ին, բացման խոսքով հանդես եկան Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և SafeYOU հարթակի հիմնադիր-տնօրեն Մարիամ Թորոսյանը։
Նախաձեռնությունն իրականացվում է նախապես կազմված մասնագիտացված ձեռնարկի թեմաներին համահունչ՝ անդրադառնալով ընտանեկան և կենցաղային բռնության հարցերին, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներին, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արձագանքելու քայլերի հաջորդականությանը, դեպքերի մշտադիտարկմանը և այլն։ Նախատեսվում է նաև Safe YOU հավելվածի և հարթակի ներկայացում։
Վերապատրաստման մասնակիցները, դրսևորելով բարձր ակտիվություն, քննարկում են թե՛ գործնական, թե՛ տեսական, թե՛ օրենսդրական բազմաթիվ հարցեր և իրավիճակներ։
