Մրցապայքարում ՆԳՆ կրթհամալիրի գիտակներն են․ անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հերթական խաղաշրջանը
ՆԳՆ կրթհամալիրում ավանդական դարձած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հերթական խաղաշրջանը դեկտեմբերի 11-ին մեկնարկեց ընդլայնված կազմով․ Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման 6, Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման 2 թիմ՝ 6-ական գիտակներով, եկել էին պատասխանելու ընդհանուր զարգացվածության, պատմական, տրամաբանական և այլ հարցերի։ Նրանք, ապավինելով իրենց գիտելիքի ուժին, դատողությանը, վերլուծական կարողությանն ու հումորի զգացմանը, կառավարելով ժամանակը, թիմի հավաքական ներուժը և հույզերը, վստահաբար ակնկալում էին հաղթանակ։
Ինտելեկտուալ խաղը վարում էր Կրթահամալիրի ուսումնական հարցերը համակարգող պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը, ով նախաձեռնության և խաղի կազմակերպմանն օժանդակելու համար շնորհակալություն հայտնեց ուսանողական խորհրդին և ներկայացրեց հեռուստատեսային հայտնի խաղի սպորտային տարբերակի կանոնները։
Հարցերը 20-ն էին։ Դրանց մի մասը հաղթական միավորներ էին բերում գրեթե բոլոր թիմերին, անպատասխան հարցեր համարյա չէին լինում։ Լարվածությունն ու հաղթելու ձգտումը հետզհետե աճում էր, երբ հնչում էին հերթական փուլի ամփոփ տվյալները։ Հաղթողներին սպասում էին Լեռ Կամսարի, Սոլ Բելոուի և Լյոու Ցըսինի գրքերը։
Հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում խաղի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի անվճար ուսուցման 4-րդ կուրսի «Victory» («Հաղթանակ») թիմը։
Մրցույթն ամփոփեց Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը՝ շնորհակալություն հայտնելով Մ․ Մարկոսյանին՝ սովորողների խնդրանքին ընդառաջելու և խաղն ացկացնելու համար։ Նա նաև շնորհավորեց ներկաներին՝ միատեղված ջանքերով ձեռք բերված հաղթանակը համարելով բոլորինը։ Միաժամանակ, Մ․ Մուրադյանը կարևորեց նեղ մասնագիտական թեմաներով ինտելեկտուալ խաղերի կազմակերպումը ևս՝ խաղը որպես ուսումնական բաղադրիչ դիտարկելու, այն լավարկելու և Կրթահամալիրի առօրյան առավել բովանդակալից դարձնելու անհրաժեշտությամբ։ Ռեկտորը հաջողություն մաղթեց մրցապայքարի մասնակիցներին՝ կոչ անելով հետագայում լինել առավել ակտիվ, և մրցանակային գրքերը հանձնեց հաղթող թիմի անդամներին։
