Քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների 2027 թվականի պարտադիր տարեկան վերապատրաստման կարիքները
2026 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների 2027 թվականի պարտադիր տարեկան վերապատրաստման կարիքները, առաջնահերթությունները և դրանց իրականացման կազմակերպչական հարցերը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են վերապատրաստման ենթակա ծառայողների տարբեր խմբերի մասնագիտական առանձնահատկություններից և գործառույթներից բխող կարիքները, ինչպես նաև վերապատրաստման հիմնական ուղղություններն ու թեմատիկ բովանդակությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախորդ տարիների փորձին, ներկայացված առաջարկություններին, վերապատրաստում անցած ծառայողների կարծիքներին և ոլորտային ռազմավարական առաջնահերթություններին։
Նշվել է, որ 2027 թվականին նախատեսվում է ընդլայնել վերապատրաստման ուղղությունները՝ ներառելով նաև պարետային ծառայության և 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ներկայացուցիչներին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վերապատրաստման գործընթացի արդյունավետության բարձրացման, ուսումնական ծրագրերի կատարելագործման, ծառայությունների մասնագիտական կարիքներին դրանց համապատասխանեցման և կազմակերպչական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություններ։
Կրթահամալիրը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ոստիկանության ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, ծառայողական պատրաստվածության բարձրացման և վերապատրաստման գործընթացի շարունակական կատարելագործման նպատակով։
