Աշակերտների հերթական այցը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր
2026 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր են այցելել «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի ավագ դպրոցի աշակերտները՝ հումանիտար առարկաների ուսուցիչ Ն.Տանանյանի ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գ.Վարդանյանի ուղեկցությամբ:
Աշակերտները շրջել են Կրթահամալիրի տարածքում։ Նրանց ներկայացվել է Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ աշխատակիցների հուշակոթողը, այցելել են Կրթահամալիրի մշակույթի տուն, ոստիկանության պատմության թանգարան։ Թանգարանի աշխատակից Դ. Հովսեփյանը ցուցադրել է Հայաստանի ՆԳՆ աշխատակիցների անցած փառավոր ուղին և այսօր էլ իրականացվող աշխատանքները հանցագործության դեմ պայքարում ու օրինակելի հասարակական կարգ ապահովելու ուղղությամբ: Ն.Տանանյանի՝ ժեստերի լեզվով թարգմանության շնորհիվ աշակերտները մեծ հետաքրքրությամբ ու ուշադրությամբ են լսել, ինչպես նաև մասնակցել մի շարք պատմական դրվագների ներկայացմանը։
Աշակերտների այցը համընկել էր հիշարժան իրադարձության հետ․ թանգարանի աշխատանքների վերսկսման օրվանից՝ 2015թ. մայիսի 8-ից ի վեր գրանցվել էր 5000-րդ այցելուի մուտքը թանգարան, և այդ կապակցությամբ Դ.Հովսեփյանն ու Գ.Վարդանյանը նվերներներ են հանձնել 5000-րդ և 5001-րդ այցելուներին, իսկ Ն․ Տանանյանին որպես նվեր հանձնվել է Ոստիկանության պատմության թանգարանի վերաբերյալ եռալեզու գրքույկ։
Վերջում աշակերտներն իրենց տպավորություններն են գրանցել պատվավոր հյուրերի գրքում:
