Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցել է Եվրոպական քրեական վերլուծական համաժողովին
Սեպտեմբերի 19-ից 20-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում անցկացվեց «Վերլուծության յուրացումը, վերապատրաստման և քոուչինգի դերը» խորագրով 2024թ. եվրոպական քրեական վերլուծության համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում էր 55 երկրների իրավապահ մարմինների ավելի քան 350 ներկայացուցիչ։ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից մասնակցում էր ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը, ով նաև Արևելյան գործընկերության երկրներում 2021-2022թթ. կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատման զեկույցի համահեղինակներից է։
Ավանդույթի համաձայն՝ համաժողովի մեկնարկն ազդարարեց Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլը։ Ողջունելով մասնակիցներին՝ վերջինս ընդգծեց վերլուծության անփոխարինելի դերն ու նշանակությունն իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության համար։
Ուսուցման գործընթացում ուսումնառուների մոտիվացիայի խթանման ռազմավարության, խնդրի վրա հիմնված ուսուցման, միջազգային համատեքստում ուսուցման զարգացման մարտահրավերների, հետախուզական տվյալների վրա հիմնված ոստիկանության, ռազմական հետախուզական տվյալների և վերլուծության, իրավապահ մարմիններում վերլուծաբանների հմտությունների և վերապատրաստման կարիքների, OSINT հմտությունների և այլ թեմաների վերաբերյալ ելույթներով հանդես եկան Մալթայի, Մաաստրիխտի համալսարանների դասախոսներ, Իսպանիայի ազգային ոստիկանական ուժերի, Նիդերլանդների թագավորական զինված ուժերի, Ռումինիայի ազգային ոստիկանության, Եվրոպոլի ներկայացուցիչներ։
Կազմակերպվեց նաև երկու պանելային քննարկում՝ համաժողովի խոսնակների մասնակցությամբ։
Երկօրյա համաժողովն ավարտվեց «Տարվա լավագույն օպերատիվ և ռազմավարական վերլուծաբաններ» անվանակարգում հաղթողների պարգևատրման արարողությամբ։