ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ՝ ՆՈՐ ՍԿԶԲԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Ստեփանավանում հրաժեշտ տվեցին ՆԳՆ Կրթահամալիրի քոլեջի շրջանավարտներին
Հունիսի 28-ին Ստեփանավանի՝ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում տոնական և հուզիչ մթնոլորտում կայացավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի՝ Ստեփանավանում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրերի (քոլեջ) շրջանավարտների «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառումը։
Այս օրը դարձավ հիշարժան ոչ միայն 53 շրջանավարտների, այլև նրանց ծնողների, դասախոսների, ընկերների և բոլոր ներկաների համար։ Այն խորհրդանշեց ուսանողական կյանքի ավարտն ու մասնագիտական նոր ճանապարհի սկիզբը։
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի անունից շրջանավարտներին շնորհավորեց փրկարարական ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը, ով, բարձր գնահատելով շրջանավարտների անցած ուղին, շնորհակալություն հայտնեց դասախոսական անձնակազմին նվիրված աշխատանքի համար և երիտասարդներին մաղթեց մասնագիտական հաջողություններ, պատասխանատվությամբ ու պատվով ծառայել հայրենիքին և հասարակությանը։
Ստեփանավան համայնքի ղեկավարի անունից շրջանավարտներին իր ջերմ բարեմաղթանքները փոխանցեց նաև աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանը, ով ընդգծեց կրթության, մասնագիտական պատրաստվածության և երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը համայնքի զարգացման գործում։
Օրհնության և հայրական պատգամի խոսքով հանդես եկավ նաև Ստեփանավանի հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանան և շրջանավարտներին մաղթեց խաղաղ, արժանապատիվ և բարի ճանապարհ՝ հավատքով ու պատասխանատվությամբ կառուցելու իրենց ապագան։
Հատկանշական է, որ ՆԳՆ Կրթահամալիրի միջին մասնագիտական կրթական ծրագիրն արդեն շուրջ 20 տարի հաջողությամբ իրականացվում է Ստեփանավանում՝ դառնալով տարածաշրջանի կրթական կարևոր նախաձեռնություններից մեկը։ Այս տարիների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ այստեղ ստացել են մասնագիտական կրթություն և համալրել տարբեր պետական ու մասնավոր կառույցների շարքերը։
Այս տարվա ավարտական խումբը կազմված էր 53 շրջանավարտից՝ չորս մասնագիտություններով։ Նրանք ավարտեցին ուսումը՝ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և մասնագիտական կարողություններ։
Միջոցառումն աչքի ընկավ իր գեղեցիկ մշակութային ծրագրով, որի կազմակերպչական աշխատանքները մեծ նվիրումով իրականացրել էր նախկին կուրսղեկ Արինա Առաքելյանը։ Երգերն ու պարերը, հումորային բեմականացումները, շնորհավորանքներն ու շնորհակալական խոսքերն ստեղծեցին ջերմ ու անկեղծ մթնոլորտ՝ լցված հուզիչ հիշողություններով և ապագայի հանդեպ մեծ հավատով։
«Վերջին զանգը» յուրաքանչյուր կրթօջախի կյանքում առանձնահատուկ իրադարձություն է։ Այն միաժամանակ հրաժեշտ է անցած տարիներին և վստահ քայլ դեպի ապագա։ Այս օրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ստեփանավանում ձևավորված կրթական ավանդույթները շարունակվում են՝ պատրաստելով գիտելիքներով, պատասխանատվությամբ և հայրենասիրությամբ զինված նոր մասնագետներ։
Բարի ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ։
Թող ձեր ձեռք բերած գիտելիքները դառնան ամուր հիմք նոր հաջողությունների, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում՝ արժանի շարունակությունն այն ճանապարհի, որն սկսվեց ՆԳՆ կրթահամալիրի Ստեփանավանի կրթական ծրագրում։ Մաղթում ենք խաղաղ երկինք, մասնագիտական վերելքներ և անսպառ հավատ սեփական ուժերի նկատմամբ։
