ՆԳՆ կրթահամալիրի կին սովորողների ուղղորդման և հարմարվողականության գործընթացի կազմակերպման հարցերով հանդիպում
Կին սովորողների ուղղորդման և հարմարվողականության գործընթացի կազմակերպման և արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը 2026 թ․ սեպտեմբերի 23-ին իրականացրել է հերթական աշխատանքային հանդիպումը «Ոստիկանական գործ» մասնագիտության առաջին կուրսի կին սովորողների հետ։
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամների կողմից ուսումնասիրվել և քննարկվել են սովորողների՝ կրթական գործընթացին և Կրթահամալիրի առօրյային հարմարվողականության, մասնագիտական միջավայրում ներգրավման, առաջացող խնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր մեխանիզմների վերաբերյալ հարցեր։ Սովորողներին ներկայացվել են Կրթահամալիրում գործող աջակցության և ուղղորդման հնարավորությունները, ընդգծվել է աշխատանքային խմբի անդամներին համապատասխան հարցերով դիմելու հասանելիությունը։
Առանձնահատուկ շեշտադրվել է, որ ուսումնական գործընթացում ձևավորված կարգապահությունն ու պատասխանատվությունը հետագայում դրսևորվելու են նաև ծառայողական գործունեության ընթացքում։ Նշվել է, որ Կրթահամալիրում յուրաքանչյուր սովորողի վարքագիծը, ուսման և պարտականությունների նկատմամբ վերաբերմունքը ձևավորում են ապագա ծառայողի մասնագիտական կերպարը։ Անդրադարձ է կատարվել ոստիկանությունում կնոջ դերի և մասնագիտական ներուժի կարևորությանը։ Ընդգծվել է, որ ժամանակակից պայմաններում մի շարք կարծրատիպեր հաղթահարված են, և կին ծառայողների ներգրավվածությունն ու մասնագիտական առաջընթացը ոստիկանության համակարգում կարևոր նշանակություն ունեն։
Սովորողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել համապատասխան ուղղորդում։
Հանդիպման արդյունքներով արձանագրվել է, որ կին սովորողների արդյունավետ հարմարվողականության ապահովման նպատակով անհրաժեշտ է մշտադիտարկել և ուսումնասիրել վերջիններիս կարիքները՝ պարբերաբար տրամադրելով անհատական և խմբային խորհրդատվություն ու ապահովելով հետադարձ կապ։
Կին սովորողների ուղղորդման և հարմարվողականության գործընթացի շրջանակներում իրականացվող աշխատանքներն ու հանդիպումները կրում են շարունակական բնույթ։
