ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՄԱԿ ՓԳՀ-ի համատեղ նախաձեռնությունը՝ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ
Մայիսի 23-24-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համագործակցությամբ, ԵՄ-ի կողմից համաֆինանսավորվող «Հայաստանում միգրացիայի և ապաստանի արդյունավետ կառավարման քաղաքականության շրջանակի և կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է դասընթաց՝ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։
Դասընթացը միտված էր մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցմանը՝ Կրթահամալիրում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման առաջիկա ծրագրերին արդյունավետ ներգրավվելու նպատակով։
Մասնակիցները ծանոթացել են ապաստանի, փախստականների և հարկադիր տեղահանված այլ անձանց պաշտպանության ոլորտում կիրառվող միջազգային չափանիշներին, ընթացակարգերին և լավագույն փորձին։
Համագործակցությունը կարևոր ներդրում է կրթական գործընթացի արդիականացման, փորձի փոխանակման և ոլորտային կարողությունների ամրապնդման գործում։
Դասընթացի ավարտին կազմակերպիչները պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերաբար իրականացնել համատեղ ծրագրեր՝ կայուն համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման նպատակով։
