«Ոստիկանության կողմից մարդու իրավունքների իրավաչափ սահմանափակումը և հարկադրանքի կիրառումը» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց
Սույն թվականի դեկտեմբերի 1–2-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց «Ոստիկանության կողմից մարդու իրավունքների իրավաչափ սահմանափակումը և հարկադրանքի կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Այն 2024 թվականի դեկտեմբերի 2–6-ը ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից կազմակերպված և Կրթահամալիրում իրականացված «Մարդու իրավունքների խախտումը․ ոստիկանության կողմից ուժի կիրառումը» ազգային դասընթացի տրամաբանական շարունակությունն էր։
Վերապատրաստումն իրականացրել են CEPOL-ի վերոնշյալ դասընթացին մասնակցած մասնագետները՝
- Ամալյա Սաֆարյան – ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ընդհանուր իրավաբանական առարկաների ամբիոնի պետ,
- Աղավնի Կարապետյան – ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,
- Վիրաբ Համբարձումյան – ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական, ԵՊՀ-ի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս,
- Գեղարդ Խուրշուդյան – ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարական գնդի ծառայության կազմակերպման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ։
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Կրթահամալիրի պրոռեկտոր Արմինե Հայրապետյանը և CEPOL-ի ներկայացուցիչ Կարինա Կուբինակովան։ Վերջինս բարձր գնահատեց դասընթացի կազմակերպումը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը և ձեռք բերված գիտելիքների կասկադավորման արդյունավետ գործընթացը։
Դասընթացին մասնակցել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի 20 ծառայող՝ հնարավորություն ստանալով խորացնել գիտելիքները մարդու իրավունքների պաշտպանության, դրանց իրավաչափ սահմանափակման հիմքերի, ինչպես նաև ոստիկանության կողմից հարկադրանքի կիրառման իրավական ու գործնական առանձնահատկությունների վերաբերյալ։
