Համագործակցություն՝ ուղղված աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացմանը և կատարելագործմանը

«ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության միջև երկկողմ համագործակցություն. ՀՀ ՆԳՆ կառուցվածքը և գործունեության ուղղությունները» օրակարգով հանդիպումների շրջանակում ս.թ. ապրիլի 29-ին կայացել է Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) պատվիրակության` Հենրիկ Հերբեր՝ Արտակարգ իրավիճակների և գործառնությունների վարչության արտաքին ազդեցությունների նկատմամբ կայունության բարձրացման բաժնի ծրագրերի ղեկավար, և Միրիամ Մալքվիստ՝ Դիմակայունության հաստատման բաժնի պետ, ճանաչողական այցը ՆԳՆ կրթահամալիր։ ՀՀ ՆԳՆ և MSB-ի միջև համագործակցությունն ուղղված է աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացմանը և կատարելագործմանը։ Պատվիրակության հետ հանդիպել է կրթահամալիրի միջազգային համագործակցության ոլորտը համակարգող պրոռեկտոր Արմինե Հայրապետյանը։ Հանդիպմանը մասնակցել են կրթահամալիրի փրկարարական ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանն ու ստորաբաժանման բազային և սպայական կրթության դեպարտամենտի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը։
Ա․Հայրապետյանը hյուրերին ներկայացրել է կրթահամալիրի նպատակներն ու խնդիրները, ՆԳՆ ենթակա ծառայությունների կարիքների բավարարմանը միտված կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրերը, գործունեության սկզբունքները։ Ի պատասխան հյուրերին հետաքրքրող հարցերին՝ Ա․Հայրապետյանն ուրվագծել է նորաստեղծ կրթահամալիրի զարգացման ռազմավարական տեսլականում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ), աղետներին արձագանքելու պատշաճ գիտելիքներով և հմտություններով կարողունակ կադրերի պատրաստման արդիական ուղենիշները, այդ նպատակով կարևորել միջազգային համագործակցությունն ու հույս հայտնել, որ Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության արդեն իսկ ձեռք բերված փորձառությունն իր շարունակությունը կգտնի երկկողմ համագործակցության ապագա ծրագրերում, և արժեքավոր փորձի փոխանակումը կնպաստի կրթահամալիրի կարողությունների զարգացմանը։