Վերադառնալ
21.09.2022

      Սիրելի՛ հայրենակիցներ,

հետհայացք նետելով մեր պատմության էջերին` կարող ենք վստահ ասել, որ  հայ մարդը, հայ ժողովուրդը միշտ ձգտել է ունենալ հզոր և անկախ հայրենիք, միշտ պայքարել է ազատության համար։ Եվ պատահական չէ, որ 31 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում, Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին` այդ կերպ կերտելով մեր ժողովրդի պատմության ամենակարևոր դրվագը, որի սկիզբը դրվեց Արցախյան շարժմամբ։

Հանրաքվեի արդյունքներն աշխարհին ապացուցեցին հայ ժողովրդի՝ անկախ ու ժողովրդավար պետություն ունենալու ազատատենչ կամքը։

31 դժվարին տարիների ընթացքում բախվել ենք բազմաթիվ փորձությունների՝ պատերազմներ, տնտեսական անկումներ, համաճարակ....

 Բոլոր այս դժվարությունները չկոտրեցին հայ մարդուն՝ միասնականության և համառ կամքի շնորհիվ։

Սեպտեմբերի 21-ի գլխավոր խորհուրդը թերևս մեր  կամքն է, մեր պատմության նոր էջը ոսկետառերով գրելու պարտքն ու պատասխանատվությունը գալիքի հանդեպ։ Պատահական չէ, որ մեր պետության անկախության օրը համընկել է խաղաղության միջազգային օրվա հետ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1982թ. ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր: Ցավոք, Խաղաղության միջազգային այս օրն անգամ խաղաղության կոչերի, ձայների ներքո մենք լսում ենք կրակահերթերի ու արկերի պայթյունների ձայները։

Սա այն օրն է, որին մենք հասել ենք մի քանի սերունդների համառ պայքարի, անձնուրացության, քաջության և տոկունության շնորհիվ։ Այս դժվարին փուլում հայ ժողովուրդը կրկին դրսևորում է համառ կամք և անձնազոհություն` հանուն հայրենիքի, ազատ ու անկախ Հայաստանի։

Օրացույցում սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի հավատի, նպատակների, փայլուն ապագայի, ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է:

Համոզված եմ՝ դեռ գրելու ենք մեր Հայոց պատմության փառահեղ էջերը։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

      Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։