Վերադառնալ
30.06.2025

Շնորհակալագիր ՆԳՆ կրթահամալիրին՝ ԵՄ Կայուն էներգիա-2025 շաբաթվա շրջանակում Ստեփանավան համայնքում անցկացված միջոցառումներին ակտիվ մասնակցության համար

Շնորհակալագիր ՆԳՆ կրթահամալիրին՝ ԵՄ Կայուն էներգիա-2025 շաբաթվա շրջանակում Ստեփանավան համայնքում անցկացված միջոցառումներին ակտիվ մասնակցության  համար

   Օրերս Ստեփանավան համայնքում ամփոփվել է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025-ը։ Անցկացված միջոցառումներին նախաձեռնողականություն ցուցաբերելու և ակտիվ մասնակցություն ունենալու համար նախաձեռնությանը մասնակցած հաստատությունների թվում համայնքի ղեկավարի շնորհակալագրով պարգևատրվել է նաև ՆԳՆ կրթահամալիրը։

   Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվել է հունիսի 10-12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով: Ստեփանավան համայնքում կազմակերպված 12 թեմատիկ միջոցառումներից «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով ուսուցողական աշխատաժողով-սեմինարն  իրականացվել է Ստեփանավանի ՆԳՆ կրթահամալիրում՝ նպատակ ունենալով ուսանողներին գիտելիքներ փոխանցել էներգախնայողության վերաբերյալ, ձևավորել կայուն ապագայի գիտակցում և նպաստել բնության պահպանությանն ուղղված քայլերին։

   Համայնքային զարգացման համատեքստում Կանաչ էներգիայի աղբյուրների, հատկապես՝ արևային էներգիայի, էներգախնայողության տեխնոլոգիաների կարևորությունն ընդգծելու, էկոլոգիայի պահպանման վերաբերյալ սեմինարի մասնակիցների պատկերացումները խորացնելու նպատակով «Ի՞նչ է էներգախնայողությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան», «Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը կենցաղում» և «Կայուն զարգացման հասկացությունը, խնդիրները և հիմնական սկզբունքները» թեմաներով դասախոսություններով հանդես են եկել «Աշխարհագրության», «Հասարակագիտության» և «Իրավունքի» դասախոսներ Ա․Ասլանյանն ու Ա․Հովհաննիսյանը։

   «էներգախնայողությունն ամենևին չի նշանակում էներգիա չօգտագործել» թեմաներով խմբային աշխատանքների արդյունքների ներկայացումն ուղեկցվել է բովանդակալից քննարկումներով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն հարստացնելու իրենց գիտելիքները վերականգնվող էներգիայի, պատասխանատու սպառման և կայուն զարգացման ուղղություններով, այլև փոխանակվելու իրենց գաղափարներով ու կարծիքներով, իսկ բլից-հարցումների արդյունքներով հաղթող են ճանաչվել Ն․ Ասրյանը, Ս․ Այվազյանը, Ա․ Պուլյաևան և Վ․Մկրտումյանը։

   Կայուն էներգիայի շաբաթը համարվում է վերականգնվող էներգետիկային նվիրված ամենամասշտաբային միջոցառումը ԵՄ անդամ և գործընկեր երկրների շարքում: Այն ավանդաբար կազմակերպվող և բարձր վարկանիշ ունեցող գործողությունների շարք է, որի նպատակն է մարդկանց իրազեկումը կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ: