Սեպտեմբերմեկյան հանդիպումներ սովորողների հետ

Սեպտեմբերի մեկին և երկուսին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի, ղեկավար կազմի առանձին ներկայացուցիչների հանդիպումը ՆԳՆ կրթահամալիրի սովորողների հետ, որոնց կազմը համալրվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաներով։
Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, շնորհավորելով սեպտեմբերի 1-ի, Գիտելիքի և դպրության օրվա առիթով, հատկապես խոսքն ուղղեց Կրթահամալիրի շեմն առաջին անգամ ոտք դրած` Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթական ծրագրի սովորողներին՝ նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն:
- Կրթահամալիրն իր դռները բացել է ձեր առաջ սիրով, ջերմությամբ ու ուսման ընթացքում աջակցության պատրաստակամությամբ։ Եղե՛ք վստահ, հաստատակամ ու համարձակ, մի՛ երկնչեք դժվարություններից, պայքարե՛ք հանուն գաղափարի, իսկ Կրթահամալիլն իր վարչական և դասախոսական կազմով պատրաստ է խթանելու, որպեսզի իրագործվեն հայրենիքին ծառայելու ձեր նվիրական ձգտումները:
Ռեկտորն իր խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարին Կրթահամալիրը դիմավորում է պատրաստի ենթակառուցվածքներով, համալրված պրոֆեսորադասախոսական կազմով, հընթացս լուծվում են տեխնիկական բնույթի խնդիրները, նաև հավելել է, որ արվել և արվելու է հնարավորը կրթական միջավայրը բարելավելու և սովորողների որակյալ կրթությունն ապահովելու համար։
-Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Այն բանալի է, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները՝ մտքի ամենախոր գաղտնարանի դռնից մինչև արհեստական բանականության անմատչելի թվացող դուռը։ Այդ բանալուն տիրելու համար շատ պարզ բան է պետք՝ սովորել, ջանալ, աշխատել։
Մաղթում եմ ձեզ հաջողություններ ուսումնառության մեջ, և որ երիտասարդական ավյունով լեցուն ձեր բոլոր քայլերն ուղղված լինեն միայն վեհ գաղափարների, բարձր արժեքների ստեղծմանն ու ծառայեն՝ ի շահ մեր երկրի: