«Քրեական դատավարության փուլային համակարգը» թեմայով կլոր սեղան-քննարկում
Մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ռեկտոր Մ․Մուրադյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քրեական դատավարության փուլային համակարգը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ոլորտի մասնագետներ, դասախոսներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ և իրավապահ համակարգի աշխատակիցներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական դատավարության փուլային համակարգի տեսական և գործնական հիմնախնդիրներին, քրեական վարույթի փուլերի առանձնահատկություններին, դրանց փոխկապակցվածությանը, ինչպես նաև գործող օրենսդրական կարգավորումների կիրառման պրակտիկային։
Բանախոսները ներկայացրել են մասնագիտական զեկույցներ՝ քննարկելով նախաքննության, դատաքննության և դատավարության մյուս փուլերի արդյունավետ կազմակերպման, դատավարական երաշխիքների ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր։
Միջոցառման շրջանակում մասնակիցները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով՝ կարևորելով քրեական դատավարության փուլային համակարգի շարունակական կատարելագործման և իրավակիրառ պրակտիկայի զարգացման անհրաժեշտությունը։
Կլոր սեղան-քննարկումն անցել է ակտիվ մասնագիտական քննարկումների մթնոլորտում՝ նպաստելով փորձի փոխանակմանն ու ոլորտային համագործակցության ամրապնդմանը։
