ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ՝ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Հոկտեմբերի 9-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի նպատակն էր գնահատել կրթական գործընթացը, դրանց բարելավման հնարավորությունները, որպեսզի որակի ապահովման մեխանիզմներն ավելի ամբողջական արտացոլվեն ներկայացվող հաշվետվություններում։
Հանդիպումը վարեց Կրթության որակի ապահովման բաժնի պետ Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրեց ընթացիկ մոնիթորինգի, գնահատման և շարունակական բարելավման սկզբունքները՝ հիմք ընդունելով կրթական որակի կառավարման ՊԻՍԲ (PDCA)՝ «Պլանավորում - Իրականացում - Ստուգում - Բարելավում» շրջափուլը։
Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան կրթական գործընթացների արդյունավետության գնահատման մեթոդներին, ուսուցման որակի բարձրացման կարևորությանը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացման անհրաժեշտությանը, ինչպես նաև Կրթահամալիրի ընդհանուր զարգացման վրա ներքին և արտաքին ստուգումների ներդրման դրական ազդեցությանը։
Տիգրան Խաչատրյանը շեշտեց, որ ընթացիկ մոնիթորինգը և հետադարձ կապը կարևոր գործիքներ են ոչ միայն վերահսկման, այլև բարելավման մշակույթ ձևավորելու համար։ Քննարկման արդյունքում հնչեցին մի շարք առաջարկներ, որոնք Կրթահամալիրի ստորաբաժանումներին կօգնեն առավել արդյունավետ կազմակերպել գնահատման գործընթացները և ապահովել դրանց շարունակական կատարելագործումը։
Հանդիպման եզրափակիչ մասում մասնակիցները կարևորեցին համատեղ աշխատանքը, բաց հաղորդակցությունը և տվյալների համակարգված օգտագործումը կրթության որակի կայուն բարելավման համար։