Վերադառնալ
19.06.2025

Վերապատրաստում Պրահայում՝ չեխ գործընկերների հրավերով

Վերապատրաստում Պրահայում՝ չեխ գործընկերների հրավերով

   Չեխիայի Հանրապետության քրեական ոստիկանության և հետաքննության ծառայության բյուրոյի առաջարկով շարունակվել է 2023 թվականին մեկնարկած համագործակցությունը, որի արդյունքում ս․թ․ հունիսի 9-13-ը կայացել է հայ մասնագետների ուսումնական երկրորդ այցը Չեխիա՝ մասնակցելու «18 տարին չլրացած անձի հարցաքննությունը հատուկ սենյակում» թեմայով վերապատրաստման դասընթացին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի խումբ ծառայողների հետ Պրահա է գործուղվել նաև ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պետ Նաիրա Նազարյանը։

   Գործուղման նպատակն էր դիտարկել մինչև 18 տարեկան անձանց հարցաքննության անցկացման հարցերը: Նախագիծը նախատեսված էր ոչ միայն բարելավելու և արդիականացնելու այն ընթացակարգերը, որոնք հայ մասնագետներն ուսումնասիրել էին համագործակցության նախորդ փուլում, այլև գործնականում կիրառել նոր, չօգտագործված մեթոդներ, ցուցադրական գործիքներ և տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ դասախոսությունների առանցքում եղել են ժամանակակից ընթացակարգերն ու տեխնոլոգիաները, իսկ գործնական պարապմունքների ընթացքում մոդելավորվել են իրավիճակներ, որոնք տեսագրությունների օգնությամբ վերլուծվել են և համատեղ քննարկվել։

   Վերպատրաստման ծրագրով քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են 18 տարին չլրացած անձանց հարցաքննության առանձնահատկությունները, պոլիգրաֆի կիրառումը սեռական հանցագործությունների քննության մեջ, ԴՆԹ թեստավորման կիրառումը սեռական հանցագործությունների քննության մեջ և այլն:

   Այցի ընթացքում հանդիպումներ են եղել Պրահայի քրեական ոստիկանության և քննչական ծառայության ղեկավար կազմի հետ։ Մասնակիցները հյուրընկալվել են  Պրահայի տարածաշրջանային ոստիկանության շտաբում, Քրեագիտության ինստիտուտում, Չեխիայի ոստիկանության թանգարանում: Շրջայց է անցկացվել Պրահայի կրթական կենտրոնում (Ոստիկանության կրթության և ծառայողական վերապատրաստման վարչություն), որտեղ ՀՀ ՆԳՆ  ներկայացուցիչները ծանոթացել են ուսումնական գործընթացի մի շարք առանձնահատկություններին և տեխնիկական հագեցվածությանը: Այցելություն է եղել նաև քրեական ոստիկանության և քննչական ծառայության գրասենյակում տեղակայված՝ 18 տարին չլրացած անձանց հարցաքննությունների անցկացման հատուկ սենյակներ:

   Կարևորելով համապարփակ և արդյունավետ մասնագիտական գիտելիքների և գործնական փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ այցի ընթացքում հնչել են երկկողմ առաջարկություններ՝ շարունակական բնույթ հաղորդելու նմանատիպ միջոցառումներին և անցկացնելու փոխադարձ այցեր։

   Հրավիրող կողմը հայ մասնակիցների համար կազմակերպել է նաև այցելություններ Պրահայի պատմամշակութային տեսարժան վայրեր: