Ուսումնական և նախաավարտական պրակտիկաների հրահանգավորում
Փետրվարի 9-ին անցկացվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի, առկա անվճար և վճարովի ուսուցման 4-րդ կուրսերի, ինչպես նաև հեռակա ուսուցման 5-րդ կուրսի՝ համապատասխանաբար ուսումնական և նախաավարտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:
Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ստորաբաժանման պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ․ Կարապետյանը, ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտի պետ, ոստիկանության մայոր Ն․ Վարյանը, ինչպես նաև պրակտիկայի ղեկավարներ նշանակված պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:
Հրահանգավորման ընթացքում Գ. Գրիգորյանը ներկայացրեց ուսումնական և նախաավարտական պրակտիկաների անցկացման կարգը, նպատակները, առանցքային խնդիրները՝ ընդգծելով պրակտիկայի ընթացքում սովորողների պատասխանատու մոտեցման, կարգապահության, պրակտիկայի ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակին կատարման և դրանց արդյունքների փաստաթղթավորման որակի կարևորությունը։
Այնուհետև, Ն․ Վարյանը սովորողներին ներկայացրեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի հրամանը` ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման բակալավրիատի սովորողների ուսումնական և նախաավարտական պրակտիկաները կազմակերպելու և պրակտիկայի ղեկավարներ նշանակելու մասին։
Հրահանգավորման ավարտին Գ. Գրիգորյանը պրակտիկայի անցկացման ու ղեկավարման մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեց պրակտիկայի ղեկավարներին, իսկ ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտի կողմից սովորողներին և պրակտիկայի ղեկավարներին տրամադրվեցին պրակտիկայի` նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները և պրակտիկայի օրագրերը:
