Մեկնարկեցին պարեկային ծառայողների վերապատրաստման in service դասընթացները

Սույն թվականի հունիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում մեկնարկեցին պարեկային ծառայողների վերապատրաստման in service դասընթացները:
Վերապատրաստման մեկնարկին ներկա էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Ա.Խուդինյանը և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մուրադյանը: Վերապատրաստում անցնող ծառայողների և դասախոսների հետ ծավալված բովանդակային քննարկան արդյունքներով որոշվեց դասընթացների ավարտին ընդհանրացնել վերապատրաստման արդյունքները, վեր հանել խնդրահարույց հարցերը և դրանց հիման վրա լրամշակել պարեկային ծառայողների հետագա շարունակական կրթության բովանդակությունն ու մեթոդաբանությունը:
ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից հաստատված՝ վերապատրաստման ուսումնական պլանում ներառված թեմաները վերաբերում են պարեկային ծառայողների կողմից իրականացվող վարչական վարույթին և վարչարարությանը, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, շահագործումն արգելելու, պահպանվող տարածք տեղափոխելու ընթացակարգերին, պարեկային ծառայողի էթիկային և բարեվարքությանը, պարեկային ծառայության գործունեությունում գենդերային հարցերին, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու (կիրառելու) իրավական հիմքերին և հմտություններին:
Վերապատրաստումներն ընդգրկելու են ինչպես Երևան քաղաքի և պարեկային ծառայության վարչակազմի, այնպես էլ՝ բոլոր մարզերի ստորաբաժանումները: Վերապատրաստման պարտադիր դասընացները նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 27-ին, իսկ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ը նախատեսվում է իրականացնել կամընտրային դասընթացները՝ նախապես հայտագրված պարեկային ծառայողների կողմից ընտրված թեմաներով: