Քննարկվել են սահմանապահ ծառայության մասնագիտական կրթության զարգացման ուղղությունները ԵՄ գործընկերների հետ
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում են սահմանապահ ծառայության աշխատակիցների արհեստագործական կրթության ներդրմանն ուղղված աշխատանքները։
Այդ համատեքստում տեղի է ունեցել աշխատանքային առցանց հանդիպում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը սահմանային կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտում» ծրագրի ներկայացուցիչների հետ։
Առցանց հանդիպման ընթացքում Կրթահամալիրի ռեկտորը ներկայացրեց սահմանապահ ծառայության մասնագիտական կրթության նոր համակարգի ձևավորման ուղղությամբ արդեն իրականացված և նախատեսվող աշխատանքները՝ անդրադառնալով կրթական բովանդակության մշակման, գործնական ուսուցման կազմակերպման և համակարգի հետագա զարգացման առաջնահերթություններին։
Քննարկման ընթացքում կողմերը դիտարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները՝ միջազգային փորձագետների ներգրավման, կրթական ծրագրերի և ուսումնական մոդուլների մշակման, դասախոսական կազմի մասնագիտական կարողությունների զարգացման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, ինչպես նաև գործնական պարապմունքների արդյունավետ կազմակերպման նպատակով սիմուլյացիոն ուսումնական միջավայրի ձևավորման շրջանակներում։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանն ու դրա կիրառմանը սահմանապահ ծառայության մասնագիտական կրթության համակարգում, քննարկվեց աշխատանքային այցեր կազմակերպելու հնարավորություն՝ գործընկեր կառույցներում կրթական գործընթացներին տեղում ծանոթանալու, փորձի փոխանակման և հետագա համագործակցության ուղղությունները հստակեցնելու նպատակով։
Հանդիպման մասնակիցները կարևորեցին միջազգային գործընկերների փորձագիտական և խորհրդատվական աջակցությունը՝ որպես սահմանապահ ծառայության աշխատակիցների ժամանակակից, գործնական հմտությունների վրա հիմնված և միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտական կրթության համակարգի ձևավորման կարևոր նախապայման։
