Թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտությունների զարգացման դասընթացներ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների համար
Ս.թ. հունիսի 22-25-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների համար անցկացվում են թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտությունների զարգացման դասընթացներ։
Դասընթացներն իրականացվում են Կրթահամալիրի կողմից հայտարարված «Թիմային աշխատանքի և հաղորդակցական հմտությունների զարգացման խորհրդատվական ծառայությունների» գնանշման մրցույթի արդյունքների հիման վրա։ Դասընթացավարն է մրցույթում հաղթող ճանաչված «Whitebone Experience Management» ընկերության հիմնադիր-տնօրեն Շուշանիկ Ղալթախչյանը, ով ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ ունի մարդկային հոգեբանության, թիմային մշակույթի ձևավորման և զարգացման, ինչպես նաև վարքային վերլուծության ոլորտներում։
Դասընթացներն ընթանում են 8 խմբով (յուրաքանչյուրում` 18-19 մասնակից) և նպատակ ունեն բարելավել քաղաքացիակենտրոն սպասարկման հմտությունները։
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան.
- արդյունավետ վարել հեռախոսային հաղորդակցությունը քաղաքացիների հետ,
- արագ բացահայտել զանգահարողի հիմնական կարիքները,
- կառավարել կոնֆլիկտային և ագրեսիվ իրավիճակները,
- աշխատանքային միջավայրում կիրառել սթրեսի կառավարման գործիքներ։
Վերոհիշյալ արդյունքների արձանագրմանն է միտված մասնավորապես այնպիսի հմտությունների զարգացումն ու բարելավումը, ինչպիսիք են հեռախոսազանգերի ժամանակ հստակ ու կառուցվածքային հաղորդակցությունը և այդ ընթացքում վստահություն ներշնչող խոսքի կիրառումը, կարևոր տեղեկատվության արագ հավաքագրումը, ինչպես նաև ագրեսիվ կամ հուզական վիճակում գտնվող քաղաքացիների հետ հաղորդակցումը, ինչը թույլ կտա կոնֆլիկտների արդյունավետ կառավարման միջոցով նվազեցնել լարվածությունը։
Դասընթացի ծրագիրը ներառում է նաև օպերատորների համար սթրեսի կառավարման բաղադրիչը՝ միտված սթրեսային զանգերի հոգեբանական ազդեցությամբ պայմանավորված մասնագիտական հյուծվածության կանխարգելմանը՝ արագ վերականգնման տեխնիկաների յուրացմամբ։
