ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Ս/թ նոյեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 21-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման 1-ին և 2-րդ կուրսերի 7 խմբերի 60 սովորողները նույն ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի դասախոս Ա. Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել են Կրթահամալիրի Ոստիկանության պատմության թանգարան։
Թանգարան մուտք գործելուց առաջ սովորողները շրջել են Կրթահամալիրի տարածքում, որի ընթացքում ոստիկանության պաշտոնաթող գնդապետներ, Կրթահամալիրի Ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ Դ. Հովսեփյանը և դասախոս Ա. Ալեքսանյանը պատմական անդրադարձ են կատարել Կրթահամալիրի և Ոստիկանության անցած ուղուն։ Մասնավորապես՝ Դ. Հովսեփյանն ու Ա. Ալեքսանյանը ներկայացրել են Արամ Մանուկյանից մինչև մեր օրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետերի և ՆԳ նախարարների դիմանկարները, Լորիս Մելիքովի և Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրիները, ապա սովորողներին ուղեկցել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած և Սովետական Միության հերոս դարձած ՆԳ աշխատակիցներին նվիրված հուշապատի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ և Արցախյան հերոսամարտում զոհված ՆԳ աշխատողների հուշակոթողի մոտ։
Սովորողների շրջայցը եզրափակվել է Ոստիկանության պատմության թանգարանում։ Ցուցադրված ֆոնդերի շրջանակում Դ. Հովսեփյանը ներկայացրել է մ.թ. 367 թվականին Մեծ Հայքի արքա Արշակ Բ Արշակունու և Ոստանիկ Դրաստամատի ինքնասպանության դեպքը, ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի ձևավորման գործընթացը, Առաջին Հանրապետության կազմավորումը, սովետական միլիցիայի շրջանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո մինչև մեր օրերը տեղի ունեցած զարգացումները։ Նա առանձնակի ուշադրություն է դարձրել ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հրշեջ պահպանության վարչության կողմից իրավակարգի ապահովման, հրդեհաշիջման և հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում իրականացված հայրենանվեր աշխատանքներին։
Սովորողները կարևորել են թանգարան այցելությունը և նշել, որ ՆԳՆ պատմության վերաբերյալ իրենց գիտելիքներն ամրապնդվեցին, ինչը նշանակալի դեր կունենա իրենց հետագա մասնագիտական գործունեությունը կազմակերպելու հարցում։
