Աղետների ռիսկերի կառավարման ոլորտում «Երկրի պրոֆիլի» քննարկում ՆԳՆ կրթահամալիրում
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել «Բազմաերկրային ուսումնասիրության ծրագրի» (Multi-country Study Project) շրջանակներում մշակված Հայաստանի «Երկրի պրոֆիլի» քննարկում։
Քննարկման նպատակն էր ներկայացնել «Երկրի պրոֆիլի» հիմնական արդյունքները, համատեղ քննարկել գնահատման ընթացքում արձանագրված տվյալները և դիտարկումները, ապահովել դրանց ճշգրտությունն ու համապատասխանությունը Հայաստանի կարիքներին։
«Երկրի պրոֆիլը» մշակվել է փաստաթղթային ուսումնասիրության, շահագրգիռ կողմերի քարտեզագրման, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների ուսումնասիրության, ինչպես նաև ազգային փորձագետների և համապատասխան կառույցների մասնակցությամբ իրականացված ինքնագնահատման արդյունքների հիման վրա։ Փաստաթուղթն ընդգրկում է աղետների ռիսկերի կառավարման ամբողջական շրջափուլը՝ ներառյալ ռիսկերի գնահատումը, կանխարգելումը, պատրաստվածությունը, արձագանքումը և վերականգնումը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի շարք ռիսկերի կառավարմանը։ Մասնավորապես, քննարկվել են ջրհեղեղների, անտառային հրդեհների, սողանքների, երկրաշարժերի և արդյունաբերական (CBRN) ռիսկերի ոլորտներում իրականացված գնահատման արդյունքները։
Մասնակիցները քննարկել են նաև ոլորտում առկա հիմնական մարտահրավերներն ու առաջնահերթությունները, կարողությունների զարգացման հնարավոր ուղղությունները և հետագա համագործակցության ներուժը։ Առանձին անդրադարձ է կատարվել առաջարկվող առաջնահերթ գործողություններին՝ դրանք ազգային կարիքներին համապատասխանեցնելու և հետագա աշխատանքների համար հստակ ուղղություններ սահմանելու նպատակով։
Քննարկման արդյունքները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի «Երկրի պրոֆիլի» վերջնականացման և աղետների ռիսկերի կառավարման ոլորտում հետագա աշխատանքների ու կարողությունների զարգացման առաջնահերթությունների ձևավորման համար։
