Ոստիկանական մարմիններում բարեվարքության ամրապնդման հարցերով աշխատաժողով Սլովակիայում
Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) կողմից տրամադրվող փորձագիտական աջակցության շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակության կազմում օրերս Սլովակիայի Կոշիցե քաղաք է գործուղվել ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական գործընթացի կազմակերպման, վերահսկման և շարունակական կրթության ապահովման բաժնի պետ Արտակ Մնացականյանը՝ նոյեմբերի 4-5-ը մասնակցելու «Մարդկային ռեսուրսների կառավարումը (ՄՌԿ) որպես ոստիկանական մարմիններում բարեվարքության ամրապնդման գործիք» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովին, որին հրավիրված էին նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Ուկրաինայի և Մոլոդովայի ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։
Քննարկվել են բարեվարքության և մարդկային ռեսուրսների կառավարման ամրապնդմանն ուղղված ռազմավարական մարտահրավերներն ու ուղղությունները, փոխանակվել է ձեռք բերված գործնական փորձը։ Մասնավորապես, օրակարգային էր «Կադրերի կառավարման բարեփոխումները որպես ռազմավարական բարեվարքության պլանավորման կարևոր բաղադրիչ․ ինչպե՞ս կարող են ՄՌԿ բարեփոխումների ջանքերը գործնականորեն կիրառել բարեվարքության սկզբունքները» հարցը, իսկ իրավապահ գործունեության ոլորտի միջազգային փորձագետ Լաուրի Թաբուրը ներկայացրել է «ՄՌԿ անձնակազմի կառավարման համակարգեր․ ինչպե՞ս համադրել անձնակազմի կառավարման համակարգերը, ռազմավարական բարեփոխումների նպատակներն ու ինստիտուցիոնալ բարեվարքության սկզբունքները» հարցը։
ՄՌԿ մարտահրավերները գործնականում խնդրի շուրջ ծավալվել է քննարկում «Բարեվարքության ամրապնդում հավաքագրման և պահպանման միջոցով. ո՞րն է թափանցիկ, արժանիքների վրա հիմնված համակարգերի դերը որակյալ անձնակազմի ներգրավման և պահպանման գործում», «Բարեվարքությունը վերապատրաստման և կարիերայի առաջխաղացման մեջ. ինչպե՞ս կարող են վերապատրաստման և մասնագիտական զարգացման համակարգերը պահպանել բարեվարքության արժեքները» և այլ հարցեր, որոնք վերաբերել են աշխատանքային պայմաններին, այդ թվում՝ հոգեբանական դիմադրողականությանը և բարեկեցության աջակցությանը:
