ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
27.04.2026

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց «Միգրանտների ապօրինի տեղափոխում» թեմայով չորսօրյա դասընթաց

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց «Միգրանտների ապօրինի տեղափոխում» թեմայով չորսօրյա դասընթաց

   Ս․թ․ ապրիլի 20-ից 23-ը ներառյալ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց «Միգրանտների ապօրինի տեղափոխում» թեմայով չորսօրյա վերապատրաստման դասընթացը, որը նպատակ ուներ զարգացնել իրավապահ մարմինների մասնագիտական կարողությունները և ամրապնդել միջգերատեսչական համագործակցությունը տվյալ ոլորտում։

   Դասընթացը կազմակերպվել էր ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) աջակցությամբ, և այն իրականացրեցին CEPOL-ի կողմից վերապատրաստված և հավատարմագրված դասավանդողներ՝ Ծովակ Մնացականյանը (ՀՀ գլխավոր դատախազություն), Արթուր Մելիքյանը (ՀՀ քննչական կոմիտե), Արամ Մելքոնյանը (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն) և Ռուզաննա Բադալյանը (ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն)։

   Դասընթացին մասնակցում էին ՀՀ իրավապահ մարմինների 20-ից ավել ներկայացուցիչներ՝ ապահովելով փորձի փոխանակում, գիտելիքների ընդլայնում և արդյունավետ համագործակցության հարթակի ձևավորում։ Մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը և ոլորտային բազմազանությունը նպաստեցին քննարկումների արդյունավետությանը և գործնական գիտելիքների խորացմանը։

   Դասընթացի շրջանակում անցկացվեցին նաև լրացուցիչ թեմատիկ դասընթացներ՝ ուղղված արդի մարտահրավերներին արձագանքելու կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես, ներկայացվեցին «OSINT․ բաց աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման գործիքներ և հնարներ», «Առցանց հետաքննություններ․ կրիպտոարժույթներ և թվային վճարումներ», ինչպես նաև «Կեղծ ճամփորդական փաստաթղթերի հայտնաբերում և վերահսկողություն» թեմաները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին մասնակիցների շրջանում։

   Վերապատրաստման դասընթացի բացման արարողությանը ներկա էին Կրթահամալիրի պրոռեկտորներ Միսակ Մարկոսյանը և Էմիլ Մարգարյանը։ Բացման խոսքով հանդես եկավ Մ․ Մարկոսյանը՝ ընդգծելով նմանատիպ վերապատրաստումների կարևորությունն իրավապահ համակարգի շարունակական զարգացման և ժամանակակից մարտահրավերներին համարժեք արձագանքելու տեսանկյունից։ Նա նշեց, որ միգրանտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարը պահանջում է համակարգված, համադրված և միջգերատեսչական մոտեցում, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցություն։ Իր խոսքում նա կարևորեց նաև նորագույն գիտելիքների և գործիքների կիրառումը, փորձի փոխանակումն ու միջազգային լավագույն փորձի ներդրումը՝ ոլորտում առավել արդյունավետ արդյունքներ ապահովելու համար։

   Բացման արարողությանը մասնակցում էր նաև CEPOL-ի ներկայացուցիչը, ով իր խոսքում բարձր գնահատեց ՀՀ իրավապահ կառույցների ակտիվ ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը նման նախաձեռնությունների նկատմամբ։ Նա ընդգծեց միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում, և ներկայացրեց CEPOL-ի կողմից առաջարկվող վերապատրաստման հնարավորությունները, որոնք միտված են մասնագիտական կարողությունների զարգացմանը և եվրոպական չափանիշներին համապատասխան հմտությունների ձևավորմանը։

   Վերապատրաստման դասընթացը հանդիսացավ կարևոր քայլ՝ ուղղված մասնակիցների կարողությունների զարգացմանը, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը։

   Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր՝ հաստատելով նրանց մասնակցությունն ու ձեռք բերած գիտելիքները։