Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարներ

Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության և ՀՀ ներքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների համատեքստում հունիսի 18-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանն ընդունել է Շվեդական արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Հաննա Նորելին։ Հանդիպմանը ներկա է եղել Ֆրանսիայի կառավարության կողմից Ներքին գործերի նախարարությանը տրամադրված փորձագետ Ստեֆան Սադակը։
Շվեդական արտակարգ իրավիճակների զարգացման գործակալությունը հանդես է եկել աղետների ռիսկի կառավարման ոլորտում կարողությունների բարձրացման երկկողմ համագործակցության առաջարկով։
Շվեդ գործընկերների հետ ՆԳՆ տևական համագործակցության շրջանակը վերաբերել է աղետների ռիսկի և ճգնաժամային կառավարման, արձագանքման ոլորտում օրենսդրական փոփոխությունների աջակցմանը, ուսուցմանը, կադրերի վերապատրաստմանը և վարժանքների իրականացմանը։
Հ.Նորելը նպատակ ուներ ծանոթանալ նորաստեղծ Կրթահամալիրի կարիքներին և նախանշել հնարավոր համագործակցության ուղղությունները։ Ֆրանսիացի փորձագետի մասնակցությամբ քննարկման ընթացքում անդրադարձել են Փրկարարական մասնագիտական պատրաստման և պարբերական վերապատրաստումների առաջնահերթ ուղղություններին և դրանց իրականացմանը միտված միջազգային աջակցության եղանակներին։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մուրադյանն իր խոսքում կարևորել է Կրթահամալիրի գործունեության այս փուլում նման համագործակցության և խորհրդատվական աջակցության հնարավորությունը՝ շեշտելով նոր կրթական չափորոշիչների սահմանման թիրախային և մասնագիտական պահանջների համապատասխանեցման անհրաժեշտությունը ոլորտի միջազգային կարգավորումներին։