Շարունակվում են սովորողների հետ հանդիպումները

2025-2026 նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի ութին հանդիպում տեղի ունեցավ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի, ղեկավար կազմի առանձին ներկայացուցիչների և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ առաջին կուրսեցիների հետ։ Մրցույթը հաջողությամբ հաղթահարած և նախապատրաստական աշխատանքների փուլով անցած ապագա սպաների համար ուսումնական տարվա առաջին օրը սովորողներին շնորհավորանքի խոսքեր հղեց Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, հաջողություններ մաղթեց ուսումնառության մեջ և հույս հայտնեց, որ նրանք ըստ ամենայնի կկարևորեն մասնագիտական գիտելիքների ձեռքբերումները։ Մ․ Մուրադյանը նկատեց, որ եթե անգամ ուսումնառության ընթացքում դժվարությունների հանդիպեն, չընկրկեն, տոկան, ջանքեր գործադրեն, պայքարեն բարձր առաջադիմության համար, ինչի դրական ազդեցությունն, անշուշտ, շոշափելի կլինի ոստիկանութունում ծառայության անցնելու առաջին իսկ տարիներին։ Ռեկտորը նշեց նաև, որ Կրթահամալիրի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը պատրաստակամ են աջակցել սովորողներին՝ հաղթահարելու ուսման ընթացքում ծագած բոլոր խնդիրները, նպաստելու նրանց ձգտումների իրականացմանը։
Միաժամանակ Մ․ Մուրադյանը հորդորեց լինել կարգապահ, դրսևորել ոստիկանին հարիր վարքագիծ, հետամուտ լինել օրենսդրությամբ իրենց ներկայացվող պահանջների կատարմանը․ պահպանել համազգեստ կրելու կանոնները, բարեվարքության նորմերը՝ հետևողականություն ցուցաբերելով ծառայության բնույթից բխող սահմանափակումների հարցում։