«Գիտելիք, փորձ և համագործակցություն՝ հանուն անվտանգ ապագայի» կարգախոսով հանդիպում փորձագետի հետ
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական գործընթացի զարգացմանը, ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորմանը և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ժամանակակից գիտելիքների ու փորձի փոխանցմանը նպաստելու նպատակով Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման սովորողների համար 2026 թ․ մարտի 20-ին կազմակերպվել էր «Աղետների ռիսկի կառավարման ապագան․ գաղափարներ, փորձ և նորարարություն» թեմայով մասնագիտական հանդիպում–քննարկում։
Օրվա բանախոսին ներկայացրել է ստորաբաժնման ղեկավարի տեղակալ Հ․ Հովհաննիսյանը։ Բազմամյա միջազգային և ազգային փորձով անկախ փորձագետ Աշոտ Սարգսյանի փորձագիտական գործունեությունը ներառում է աղետների և կլիմայական ռիսկերի կառավարումը, ռազմավարական պլանավորումը, կամավորության զարգացումը և համայնքային զարգացման ծրագրերը։ Նա, մասնավորապես, եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում որպես աղետների ռիսկի նվազեցման գծով խորհրդական, այնուհետև` ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) տարածաշրջանային գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար։
Սովորողների և դասախոսների հետ «Գիտելիք, փորձ և համագործակցություն՝ հանուն անվտանգ ապագայի» կարգախոսով հանդիպման հարցուպատասխանի ձևաչափը հյուրին հնարավորություն էր ընձեռել հնարավորինս հանգամանալից անդրադառնալու աղետների ռիսկի կառավարման ոլորտում կիրառվող նորարարական մոտեցումներին, միջազգային փորձին, հաջողված ծրագրերին, քաղված դասերին և գործնական լուծումներին։ Քննարկվել են նաև ոլորտի զարգացման ժամանակակից ուղղությունները՝ նպաստելով սովորողների և դասախոսական կազմի մասնագիտական գիտելիքների և իրազեկվածության բարձրացմանը, մասնագիտական մոտիվացիայի և ինքնազարգացման խթանմանը՝ տարիների փորձով մասնագետի հետ անմիջական շփման միջոցով ակնառու դարձնելով այն հեռանկարները, որոնք կարող են բացվել որակյալ կրթություն և մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքում։
Դահլիճից հնչած հարցերին ի պատասխան՝ Աշոտ Սարգսյանը՝ որպես Սպիտակի երկրաշարժից հետո Կարմիր խաչի միջազգային շարժմանը միացած և շուրջ երկու տասնամյակ մարդասիրական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած կամավոր, ապա՝ ղեկավար, իր նկատառումներն է հայտնել աղետներին առաջինն արձագանքողների, կամավորական շարժման, Հայաստանում դրա զարգացման ներկա ընթացքի, հայ փրկարարների մարդասիրական առաքելության, միջազգային ծրագրերում ներգրավվածության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումների մասին։
Հանդիպման ավարտին Ա․ Սարգսյանը ներկայացրել է ռիսկերի գնահատման իր ստեղծած էլեկտրոնային գործիքը, որը սիրով տրամադրել է Կրթահամալիրին։
