Արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության ուսուցումը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կայացել է «Արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության կազմակերպում» թեմայով դասընթացի ուսումնական նյութերի քննարկում, որին մասնակցել են Կրթահամալիրի պրոռեկտորներ Մ․ Մարկոսյանը և Ա․ Հայրապետյանը, փորձագիտական խմբի անդամները, ՆԳՆ աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության հետաղետային վերականգնման կառավարման բաժնի պետ Կ․ Աթայանը, ներկայացուցիչներ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Եվրամիության մարդասիրական օգնության կազմակերպությունից (ECHO) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից (UNHCR)։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթահամալիրի միջազգային կապերի և համագործակցության աշխատանքները համակարգող պրոռեկտոր, փորձագիտական խմբի անդամ Ա․ Հայրապետյանը` ընդգծելով Կրթահամալիրի ներգրավվածությունը և պատրաստակամությունը դասընթացը կյանքի կոչելու աշխատանքներում։ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Մ․ Անտոնյանն իր հերթին կարևորել է սոցիալական աշխատողների համար դասընթացի կազմակերպումը, որի արդյունքում սոցիալական աշխատողները տեսանելի կդառնան նաև արտակարգ իրավիճակների հետևանքների կարգավորման գործընթացներում։ Փորձագիտական խմբի աշխատանքը ողջունել են նաև ծրագրի կայացմանն իրենց օժանդակությունը բերած միջազգային կազմակերպությունների՝ UNHCR-ի և ECHO-ի ներկայացուցիչները։
Ուսումնական մոդուլների բովանդակությունը, նպատակն ու վերջնարդյունքները, դասընթացի տևողությունը, կառուցվածքն ու ձևաչափը ներկայացրել է Կրթահամալիրի ԱՌԿ և ՔՊ ամբիոնի պետ, փորձագիտական խմբի ղեկավար Ս. Հովհաննիսյանը։ Վերապատրաստման ավարտին մասնակիցները կկարողանան համակարգված մոտեցմամբ կազմակերպել սոցիալական պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում, ցուցաբերել անհապաղ և նպատակային աջակցություն տուժած բնակչությանը, արդյունավետ կառավարել և բաշխել հասանելի ռեսուրսները, ներգրավել համայնքային կառույցներին և գործընկերներին արձագանքման գործընթացում, ապահովել խոցելի խմբերի պաշտպանությունը և նվազեցնել հումանիտար ռիսկերը։ Մշակված ուսումնական նյութը մինչև վերապատրաստման ծրագրում ընդգրկելը ենթակա է փորձարկման։ Առաջարկվել է վերապատրաստման դասընթացները կազմակերպել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։
«Արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության կազմակերպման ուսումնական ծրագրի ներդրման ինստիտուցիոնալ հիմքերը վերապատրաստման դասընթացներում» թեմայով մանրամասները ներկայացրել է նույն ամբիոնի ավագ դասախոս, փորձագիտական խմբի անդամ Հ․ Եմիշյանը: Հանդիպման ավարտին ներկաները կարծիքներ են փոխանակել, առաջարկներ են արվել, որոնց վերլուծության արդյունքում ևս ուսումնական ծրագիրը կլավարկվի։