Հանդիպում անձնակազմի հետ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը և պրոռեկտորները հանդիպեցին ուսումնական հաստատության վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Մ․ Մուրադյանը, ողջունելով աշխատակիցներին, շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթեց արդյունավետ ու նպատակասլաց աշխատանք՝ առանձնապես կարևորելով ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձևավորումից ի վեր թե՛ ոստիկանական, թե՛ փրկարարական կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացը մեկ տանիքի ներքո։
Ռեկտորը խոսեց բուհի առաքելության ու տեսլականի մասին, կարևորեց ռազմավարական նպատակները և դրանց իրականացման ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու՝ որպես մեկ ընտանիք գործելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, Մ․ Մուրադյանն ընդգծեց, որ ներկաներից ակնկալում է Կրթահամալիրի առջև ծառացած խնդիրները կյանքի կոչելիս յուրաքանչյուրի գործուն և պատասխանատու մասնակցություն, բարեխիղճ աշխատանք, բարեկրթություն, հոգատարություն ու նվիրում, գործառույթների հստակ գիտակցում և իրականացում։ Նա նաև հորդորեց արդիական պահանջներին համահունչ, մշտապես կատարելագործվել, ունենալ արժեքավոր մասնակցություն և դերակատարություն Կրթահամալիրում կրթության որակի շարունակական բարելավման գործընթացում։
Կրթահամալիրի զարգացման տեսանկյունից շարունակում են կարևորվել կրթական նորարարություններն ու գիտահետազոտական առաջընթացը, կառավարման արդյունավետության բարձրացումը, աշխատակիցների, ինչպես նաև սովորողների գնահատման չափելի գործիքակազմի ներդրումն ու կիրառումը։ Այս համատեքստում Մ․ Մուրադյանի հարցադրումները նախ առնչվել են հետազոտական բաղադրիչին, Կրթահամալիրի գիտական հրատարակությունների, պրոֆեսորադասախոսական կազմի գիտական հոդվածների բովանդակությանն ու թիրախային ուղղվածությանը՝ առաջնահերթ դիտելով ուսումնական ստորաբաժանումների ամբիոնների դերակատարությունն ու երաշխավորությունը։ Վերապատրաստումների օղակում, լրացուցիչ կրթության շրջանակում մարտահրավերները նորովի հաղթահարելու նպատակով ռեկտորը հատուկ շեշտադրել է գործող ոստիկանների և փրկարար ծառայողների վերապատրաստման մեթոդաբանության վերաիմաստավորման, դասընթացներին ավելի պրակտիկ ուղղվածություն հաղորդելու անհրաժեշտությունը և առաջարկել է գործարկել հեռավար ուսուցման մոդելներ, այդ թվում՝ էլեկտրոնային ռեսուրսների շտեմարանի ու արհեստական բանականության կիրառմամբ։
Հանդիպման ավարտին Մ․ Մուրադյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, տվել հանձնարարականներ։