ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչները Կրթահամալիրում

Հունիսի 9-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Մուրադյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին և գրասենյակի այլ աշխատակիցների։
Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԲՀ–ի և Կրթահամալիրի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները՝ հաշվի առնելով, որ ներկայումս մշակվում է հիմնադրամի՝ ՀՀ-ում գործունեության հնգամյա պլանը։
Քննարկվեցին ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ծառայողների համար ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ իրականացնելու, դրանք Կրթահամալիրի ապագա կրթական ծրագրերում ներդնելու հարցերը։ Լ․ Սարգսյանն անդրադարձ կատարեց նաև փրկարարների համար մշակված վերապատրաստման դասընթացների փաթեթներին, որոնք առաջնային գիտելիքներ են տալիս արտակարգ իրավիճակներում դաշտային գործողություններն արդյունավետ իրականացնելու համար։
Հանդիպման ավարտին Մ․ Մուրադյանն առաջարկեց ապագա համագործակցությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար դիտարկել փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը, ինչը թույլ կտա հստակ նախանշել համագործակցության ուղղություններն ու արդյունավետ իրականացնել այդ առնչությամբ տարվող աշխատանքները։