Կրթահամալիրում կուրսղեկների համար անցկացվել է մեթոդական աջակցության քննարկում-դասախոսություն
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանի բանավոր հանձնարարականի համաձայն՝ Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնը միջին մասնագիտական կրթության սովորողների կուրսղեկների համար կազմակերպել էր մեթոդական աջակցության քննարկում-դասախոսություն։
Հանդիպումը վարեցին ամբիոնի պրոֆեսոր Գ․ Ռուսակովան և դոցենտ Վ․ Քոսակյանը։ Ինտերակտիվ ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կուրսղեկի աշխատանքի արդյունավետ կազմակերպման հոգեբանամանկավարժական առանձնահատկություններին, դրա մեթոդական և կառուցվածքային բաղադրիչներին, ինչպես նաև վերահսկողական մեխանիզմներին։
Առանձին ուշադրություն դարձվեց սովորող-ծնող-կուրսղեկ-դասախոսական կազմ համագործակցության արդյունավետ ձևերին, դեռահասների և պատանիների տարիքային հոգեբանական առանձնահատկություններին, տարիքային ճգնաժամերին և դրանց հաղթահարման ուղիներին։ Քննարկվեցին նաև ուսումնական մոտիվացիայի բարձրացման և սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման մոտեցումները։
Քննարկումն անցավ անմիջական և գործնական մթնոլորտում։ Բանախոսները պատասխանեցին մասնակիցների առաջադրած աշխատանքային հարցերին՝ ներկայացնելով կուրսղեկի գործունեության կազմակերպմանն ու սովորողների հետ աշխատանքին առնչվող մասնագիտական դիտարկումներ։
Նման հանդիպումները նպաստում են կուրսղեկների մեթոդական պատրաստվածության կատարելագործմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և սովորողների հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
