ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
30.04.2026

Ինտերպոլի ներկայացուցիչների այցը Կրթահամալիր

Ինտերպոլի ներկայացուցիչների այցը Կրթահամալիր

   Երեխաների նկատմամբ բռնության և չարաշահման կանխարգելման, բացահայտման և ազգային մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով 2026թ․ ապրիլի 20-29-ը Հայաստան այցելած Ինտերպոլի Երեխաների դեմ հանցագործությունների (Crimes Against Children - CAC) ենթավարչության ներկայացուցիչները «Safeguarding» բաղադրիչի շրջանակում  ապրիլի 28-ին հյուրընկալվել են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում։

   Հյուրերին ողջունել է Կրթահամալիրի ուսումնական աշխատանքները համակարգող պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը՝ համապարփակ ներկայացնելով Կրթահամալիրի գործունեությունը։ Հյուրերի հետաքրքրության շրջանակում նա, մասնավորապես, անդրադարձել է ոստիկանական ուսումնական ստորաբաժանումում իրականացվող կրթական ծրագրերին, ինչպես նաև այն դասընթացներին, մոդուլներին ու թեմաներին, որոնք ուսումնասիրվում են սովորողների և վերապատրաստվող ոստիկանական կազմի կողմից։

    Ինտերպոլի գլխավոր քարտուղարության  (Լիոն, Ֆրանսիա) Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների պաշտպանության մասնագիտացված սպա Ալեքսանդրու Դան Գերտան և նույն ուղղության գլխավոր ծրագրի հիմնական սպա Աննա Սարգսյանը ներկայացրել են «Safeguarding» բաղադրիչի շրջանակում իրականացվելիք աշխատանքները և ՀՀ իրավապահ համակարգին տրամադրվելիք աջակցության հիմնական ուղղությունները։ Նրանք ընդգծել են, որ ակնկալում են Կրթահամալիրի փորձագիտական աջակցությունը՝ նախատեսվող վերապատրաստման դասընթացների, այդ թվում՝ վերապատրաստողների վերապատրաստման (TOT)  ձևաչափով ծրագրերի իրականացման շրջանակում։

   Համագործակցության հնարավոր ուղիների նախանշման նպատակով ծավալված քննարկմանը մասնակցել են նաև Կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Է․ Մարգարյանը, Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ․ Գրիգորյանը։

   Այցի ավարտին հյուրերը շրջել են Կրթահամալիրի տարածքում, ծանոթացել սովորողների գործնական պարապմունքների համար ստեղծված պայմաններին՝ այցելելով մասնագիտացված լսարաններ, վիրտուալ հրաձգարան և մարզասրահ։