ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
06.03.2026

Ռիսկերի կառավարման ինտերակտիվ գործնական դաս ՆԳՆ կրթահամալիրում

Ռիսկերի կառավարման ինտերակտիվ գործնական դաս ՆԳՆ կրթահամալիրում

   ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման 3-րդ կուրսի «Կառավարում» մասնագիտության սովորողների համար անցկացվել է «Ռիսկերի կառավարում» առարկայի գործնական դաս՝ ինտերակտիվ խաղային ձևաչափով՝ ուղղված ռիսկերի գնահատման և տարածքային պլանավորման վերաբերյալ գործնական հմտությունների զարգացմանը։

   Դասի ընթացքում սովորողները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբը պայմանականորեն ստեղծել է համայնք՝ հատուկ պատրաստված ռելիեֆային մակետի վրա տեղադրելով համայնքային ենթակառուցվածքները, հաստատությունները և կենսագործունեության տարբեր տարրեր։ Երկրորդ խումբը, որը «բացակայել է» համայնքի ստեղծման փուլում, հետագայում ուսումնասիրել է պատրաստված միջավայրը՝ փորձելով բացահայտել առկա հաստատությունները, ենթակառուցվածքները և համայնքի համար հնարավոր ռիսկերը։ Դրանց թվում ներառվել են նաև բնական և կլիմայական ռիսկերը, որոնք պայմանականորեն ներկայացվել են մակետում։

   Դասի եզրափակիչ փուլում երկու խմբերը մասնակցել են համատեղ քննարկման․ համայնքը ստեղծած սովորողները հանդես են եկել որպես համայնքի ներկայացուցիչներ, իսկ դիտորդները՝ որպես պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկվել են համայնքի զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև ռիսկերի կանխարգելման, նվազեցման և կառավարման մոտեցումները։

   Ըստ դասն անցկացնող դասախոս Ա․ Հայրապետյանի՝ գործնական դասի նպատակն էր զարգացնել սովորողների պատկերացումը ռիսկերի կառավարման տարածական և ժամանակային չափումների մասին, ինչպես նաև ձևավորել հմտություններ ռիսկերի բացահայտման, կանխարգելման, նվազեցման, արձագանքման և վաղ վերականգնման պլանավորման ոլորտներում։