Հնգօրյա վերապատրաստման դասընթացներ համակարգողների և դասընթացավարների համար

Հունիսի 2-ից մեկնարկեցին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի 6-րդ հոսքի համակարգողների և դասընթացավարների վերապատրաստման 5-օրյա դասընթացները։ Դասընթացներն անցկացվելու են երկու առանձին խմբերով։
Առաջին խմբի վերապատրաստման դասընթացները նախատեսված են Կրթահամալիրի այն աշխատակիցների համար, ովքեր որպես համակարգողներ ներգրավված են լինելու «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի 6-րդ հոսքի դասընթացների կազմակերպման և վերահսկողության գործընթացում։
Երկրորդ խմբում վերապատրաստում են անցնելու «Ծառայության իրականացման մարտավարություն» և «Հատուկ ֆիզիկական պատրաստականություն» մոդուլների դասընթացավարները։
Վերապատրաստման դասընթացներն իրականացնելու են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ, որը վարելու են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության ծրագրի (ICITAP) Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր ներգրավված են եղել «Պարեկ» որակավորման նախորդ 5 հոսքերի դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացներում։
Դասընթացների մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանը։
Մ․ Մուրադյանն իր խոսքում նշեց, որ սույն վերապատրաստումները միտված են «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի 6-րդ հոսքի դասընթացների նախապատրաստական և ընթացիկ աշխատանքների պատշաճ կատարմանը, ուսումնական գործընթացի հսկողությանը, դասընթացավարների հմտությունների խորացմանը, վերջիններիս մեթոդական աջակցությանը և այլն։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՄՔՀՎ ծրագրի հայաստանյան համակարգող Ամալյա Հովսեփյանը։ Նա նշեց, որ ՄՔՀՎԾ-ի վերապատրաստողները նպատակ ունեն 5-օրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում իրենց՝ «Պարեկ» որակավորման կրթական ծրագրի իրականացման շրջանակներում ձեռք բերած 5 տարիների փորձը և գիտելիքը փոխանցել Կրթահամալիրի աշխատակիցներին։ Ա․ Հովսեփյանը նաև նշեց, որ 6-րդ հոսքի կազմակերպման և վերահսկողության գործընթացում Կրթահամալիրի և ՄՔՀՎԾ-ի ներկայացուցիչները կաշխատեն համատեղ, սակայն արդեն հաջորդող հոսքերի համակարգման ողջ գործընթացը կստանձնեն միայն Կրթահամալիրի՝ սույն վերապատրաստումն անցած աշխատակիցները։
«Ծառայության իրականացման մարտավարություն» և «Հատուկ ֆիզիկական պատրաստականություն» մոդուլների դասընթացավարների համար 5-օրյա վերապատրաստման դասընթացներն անցկացնելու են ՄՔՀՎ ծրագրի հայաստանյան գրասենյակի առաքելության խորհրդական Դեյվիդ Մայքլ Լոպեսը և իրավապահ համակարգի գծով խորհրդատու Մայքլ Բեյթսը։
Վերապատրաստման դասընթացների մեկնարկին ներկա էին նաև Կրթահամալիրի պրոռեկտորներ՝ Մ․ Մարկոսյանը, Է․ Մարգարյանը և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ Գ․Գրիգորյանը։