Վերադառնալ
07.04.2022

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

                   ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝                      

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երրորդ հոսքի ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար

        

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում 2022 թվականի օգոստոսին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկելու է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երրորդ հոսքի (Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր) հինգամսյա ուսուցումը:     

         Ուսուցմանը ներգրավվող դասընթացավարների ընտրության համար հայտարարվում է բաց մրցույթ, որը կանցկացվի երկու փուլով՝

  1. Փաստաթղթերի ընդունում՝ 2022 թվականի ապրիլի 11-ից մինչև 20-ը,
  2. Հարցազրույցի անցկացում՝ 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 6-ը:          

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել դասավանդվող առարկայի (մոդուլի) բնագավառին համապատասխանող մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող անձինք:    

Մրցույթով անցած դասընթացավարների վարձատրությունը կկազմի 6000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) 80 րոպե տևողությամբ մեկ ուսումնական պարապմունքի համար (երկու ակադեմիական ժամ), իսկ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեջ մտնող դասընթացավարներին սահմանված կարգով կտրվի համարժեք հավելավճար:                

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը   (համաձայն Հավելված 1-ի) մեկ միասնական PDF ֆայլի տեսքով ուղարկել patroltraining@yahoo.com էլեկտրոնային փոստին:         

Դիմումում (Հավելված 2) կարող եք նշել մեկից ավելի մոդուլ  (առարկա), եթե այդ մոդուլների  (առարկաների)՝ Հավելված 3-ում նշված դասավանդման ժամանակահատվածները չեն համընկնում:            

Ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատողները, դիմումի փոխարեն պետք է նշված էլեկտրոնային փոստին ուղարկեն նույն բովանդակությամբ զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատող չհանդիսացող ոստիկանության ծառայողների զեկուցագրում պետք է բովանդակվի նրանց ստորաբաժանման ղեկավարի մակագրությունն այն մասին, որ վերջինս չի առարկում զեկուցագրի ներկայացմանը:  

Եթե մասնակցել եք ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների առաջին կամ երկրորդ հոսքի ուսուցման դասընթացավարների բաց մրցույթին, ապա բավարար է ներկայացնել միայն դիմումը՝ առանց մյուս պահանջվող փաստաթղթերի  (բացառությամբ այն դեպքերի, եթե փոփոխվել են անձը հաստատող փաստաթղթերը) և դիմումի մեջ նշել, որ պահանջվող փաստաթղթերը ներկայացրել եք առաջին կամ երկրորդ հոսքի դասընթացավարների մրցույթին մասնակցելու ժամանակ:     

Հավելված 4-ում անհրաժեշտ է ներկայացնել ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականը, որպեսզի հարցազրույցի հանձնաժողովը հնարավորություն ունենա նախնական պատկերացում կազմել Ձեր կողմից առաջարկվող դասավանդման մեթոդիկայի մասին:

Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37410770981 հեռախոսահամարով: