ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
09.03.2023

ԻՄ «ՄՈԼՈՐԱԿՈՒՄ» ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ

ԻՄ «ՄՈԼՈՐԱԿՈՒՄ» ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ

«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անգելինա Հովհաննիսյանի հետ։

Գնացինք․․․․

-Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ աղջնակ էիր, ի՞նչ երազանքներ ու հեքիաթներ կային մանկության տարիներին:


-Ի զարմանս բոլորի՝ չարաճճի չեմ եղել։ Փոքրուց չէի տրվում պատրանքների և չէի հավատում հեքիաթների, թեպետև սիրում էի դրանք ընթերցել։

 

 -Դպրոց նոր, ավելի հասուն կյանք: Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները: Ի՞նչ կհիշես։ Կպատմե՞ս այդ տարիներից:

 

-Դպրոցական տարիներս գերակտիվ էին։ Մասնակցում էի բոլոր հնարավոր միջոցառումներին, աշակերտական խորհրդի նախագահ էի․․․դա ինձ համար այն ժամանակ հավասարազոր էր երկրի նախագահի պաշտոնին։

 

-Փոքրիկ իշխան. Անտուան դե Սենտ-Էկզյուպերի... Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը.

 

-Իմ «մոլորակում» պատերազմը տեղ չունի։ Այնտեղ միայն մանուկ տարիներիս Կապանն է, ուր տիրում են սերը, համերաշխությունը և մեր չքնաղ Խուստուփը։

 

-Խոսեցինք Էկզյուպերիից առաջին ընթերցածդ գիրքը ո՞րն է եղել, ի՞նչ տպավորություն է թողել, և, առհասարակ, ի՞ նչ է գիրքը քեզ համար: 

 

-Առաջին ընթերցածս գիրքը ՆԿունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» ստեղծագործությունն էր։ Հեքիաթներից դեպի լուրջ գրականություն անցումս սահուն էր, քանզի առասպելական կերպաները որոշ չափով նույնական են հեքիաթի հերոսներին։

 

-Հայտնի է՝ առաջին կին ոստիկանը եղել է ամերիկուհի Էլիս Ուելսը 1910 թվականին: Նա բազում քննադատությունների է արժանացել ընտրած մասնագիտության պատճառով, բայց անխոնջ կատարել է իր ծառայությունը: Դու ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:

 

-Մայրիկիս հորդորով։ Սակայն Կրթահամալիրում ուսումնառությունը սերմանեց սեր և հարգանք այս բարդ, բայց և, միևնույն ժամանակ, հեռանկարային մասնագիտության հանդեպ։ Կրթահամալիրում, իրավամբ, սկսում ես իրատեսորեն նայել կյանքին․․․


-Ոստիկանական համակարգն ուժային կառույց է, բայց կինը նուրբ էակ է, այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:


-Կինը  թեպետև նուրբ էակ է, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ նա չի գտնի իր մեջ այնքան ուժ, որքան որ անհրաժեշտ է իր վրա դրված պարտականությունների կատարման համար։

 

- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:

 

-Բազմաբովանդակ․․․ ոչ մի նոր օր նախորդին նման չի լինում մեր Կրթահալիրում։ Հենց դրանով ենք մենք յուրահատուկ։

 

-    Ինչպիսի՞ն պիտի լինի իրական ոստիկանի կերպարը:

 

-Մեր Կրթահամալիրի պետ պարոն Մուրադյանի պես։  Ես շատ կցանկանայի ապագայում լինել նրա պես պատվարժան և կիրթ։

 

- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ոստիկան դառնալ։

 

-Մտածել, թե արդյո՞ք նրանք կկարողանան ըստ արժանվույն ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության և մեր հասարակության  բարօրության։

 

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ

 

-Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

-Եկա, տեսա, հաղթեցի։

 -Սիրածդ աֆորիզմը:

-Ռիսկը գործի կեսն է։

-Սիրելի զբաղմունքդ:

-Ձիասպորտ։

-Խորհուրդ, որը կտայիր…

-Սիրի՛ր ինքդ քեզ։

 -Դու կին ոստիկան ես և…

-․․․և հպարտ հայուհի։

 - Իսկ վերջում․․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)

-Ինչ գեղեցիկ է մեր տիկին Խերանյանը։

Հարցազրույցը վարեց  ոստիկանության

 կապիտան Մարի Խերանյանը